Առաջին բանը, որ ես կանեի՝ անմիջապես կհեռանայի ֆեյսբուքից։ Թե՛ վերջին ղալմաղալը, թե պաշտպանության նախարարի վրա նախորդ բոլոր հարձակումները էապես պայմանավորված են եղել նրանով, որ Վիգեն Սարգսյանը ներկա է ֆեյսբուքում և բավականին ակտիվորեն օգտագործում է այն։

Տեսե՛ք, պարզ մի համեմատական անցկացնենք, հաշվի առնելով այն, որ ես այդ փաստարկը մի քանի հոգուց լսել եմ։ Պատկերացրեք, որ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ ու հիմա այս իրավիճակում ինքը լիներ։ Պատկերացնո՞ւմ եք այն մարդու տխուր ճակատագիրը, ով Վազգենին բոշա կանվաներ մեկնաբանություններում, կամ էլ որևէ այլ անձնական վիրավորանք թույլ կտար․․․ Իրականում ես համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանին միայն լավ կողմից է բնութագրում այն, որ վենդետտայի ու բռնության հետ նա այն աստիճան չի ասսոցացվում, որ պատկերացնելն անգամ դժվար է, որ վատ մեկնաբանության համար կարող են մարդու ծեծել, բայց դա ես եմ, իսկ մեր ազգաբնաչության մի զգալի հատվածի մոտ կա այլ կարծիք։

Վերադառնանք ֆեյբուքում լինել-չլինելու հարցինն։ Ես կարծում եմ, որ ուժային կառույցների ղեկավարները չպետք է ներկա լինեն այս հարթակում։ Այն պարզ պատճառով, որ ֆեյսբուքը՝ իր բոլոր առավելություններով ու մասսայականությամբ հանդերձ, ունի մի շարք էական վնասակար կողմեր։ Առաջին հերթին վատ է, որ հարկ եղած դեպքում կարելի է ցեխի մեջ թաղել ցանկացած մարդու, նամանավանդ, եթե կա նման հրամայական ու բավարար ռեսուրս ունեցող շահագրգիռ կողմ։ Վաղը սուրբ մարդն էլ ֆեյսբուքում ինչ-որ բան գրի ու դա դուր չգա ինչ-ինչ ուժերի, կարող են այնպես անել, որ սուրբ մարդու գրածի քոմմենթներում էլ, ֆեյսբուքյան լրահոսն էլ հեղեղվի քֆուր-քյաֆարով, քամահրանքով, քննադատությամբ և անձնական վիրավորանքներով։ Դրա համար կան սասնածռիստական ֆեյքեր ու չֆեյքեր, հիասթափված արտագաղթածներ, գլենդելյան հայրենասերներ, պարզապես ինքնահաստատվող դեռահասներ ու մասսայական մանիուլյացիաներին հոտի բնազդով ենթարկվող անկեղծ մոլորյալների բազմահազար բանակ։ Չոր հաշվեկշռում մնում է այն, որ ֆեյսբուքում լինելուց ՊՆ-ի ղեկավարի պես կարևորագույն պաշտոնյան ստանում է կոնկրետ ռիսկեր ու շա՜տ հարաբերական հնարավորություններ։

Եթե այնուամենայնիվ նախընտրել ես լինել ֆեյսուքում ու հանրային դեմք ես, առավել ևս՝ պաշտպանության նախարար, դա նշանակում է, որ չպետք է ոչ մի դեպքում տրվել թրոլլերի սադրանքներին։ Առավել ևս՝ չի կարելի քննարկումներում իջնել այն մակարդակին, որը թելադրվում է թրոլլերի կողմից՝ մեկնաբանություններում։ Եթե ես լինեի Վիգեն Սարգսյանը, երբեք ու ոչ մի պարագայում չէի պատասխանի քոմմենթչիներին ու հատկապես՝ անձնավորման ու վիրավորանքի լեզվի չէի անցնի։

Ու եթե լինեմ անկեղծ, ապա կասեմ հետևյալը․ եթե ես լինեի Վիգեն Սարգսյանը, ես կգիտակցեի, որ մեր հանրության համար շատ ավելի դյուրամարս կլիներ, եթե ես լինեի թալանչի, «աղայաբար» բռնեի ու ասեի, որ իմ գրպանից եմ այդ փողը տալիս։ Իհարկե, կլինեին քննադատություններ, բայց հիացական ծափահարությունները ավելի շատ կլինեին ու ես կհամարվեի «բարերար»։ Եթե ես լինեի Վիգեն Սարգսյանը, կհասկանայի, որ հանրային ակնկալիքը պետպաշտոնյայից հենց դա է՝ իր մեծամասնության մեջ ու հետևաբար, եթե, այնուամենայնիվ, ցանկանում էի անպայման այդ զինվորին օգնել ու դրամահավաք անել, ապա կանեի դա եվրոպական ու ամերիկյան ձևով՝ կհրավիրեի բարեգործական ընթրիք, որին ներկա մեծահարուստները և ազդեցիկ դեմքերը մուտքի համար կլորիկ գումար կվճարեին, իսկ այնուհետև այն կուղղեի զինվորի բուժմանը։ Վերջիվերջո, շատ այլ տարբերակներ կան գործողությունների, որոնց կարելի էր դիմել, բայց ոչ ֆեյսբուքը, որովհետև ֆեյսբուքում այս ձևով անելը բերելու է մեծ ղալմաղալի, իսկ ամենապոպուլյար ու հաճախ հնչող մեկնաբանությունները լինելու են «Էդ Բաղմանյանենց ջպերը ծախեք»-ը ու «արա, էդ 1000 դրամները տալիս ենք, էլի փող ե՞ք ուզում»-ը։

Այս աղմուկի մեջ մի տեսակ աննկատ մնաց այն փաստը, որ Վիգեն Սարգսյանի ստատուսից հետո անցել է մոտ երկու օր ու արդեն հավաքվել է պահանջվող գումարի կեսը։ Սակայն այս ամենինց հետո, եթե ես լինեի Վիգեն Սարգսյանը, էլ երբեք ու ոչ մի պարագայում իմ անունից բարի գործ անելու կոչ չէի անի։ Ոչ թե, որովհետև կնեղանայի, այլ որովհետև մեր հանրային կարծիքը դեռ պատրաստ չի քաղաքակիրթ աշխարհի վարքի ու բարքի։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան