Ինչպես ասում են՝ ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում: Այսօր առավոտյան կրկին «բախտ վիճակվեց» տեսնել Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը: Արամի փողոցի 9 հասցեում գտնվող այդ շենքը ոնց կար տասնամյակներ շարունակ ավերակ վիճակում՝ նույնությամբ այդպես էլ մնացել է: Հայկական պետականության վերահաստատման մեկդարյա տարեդարձին մնացել է ընդամենը չորս ամիս՝ բայց սայլը տեղից չի շարժվել: Իհարկե, տխուր պատկեր է: Հին քաղաքը քանդելով հասանք նրան, որ այսօր Երևանում ընդամենը երկու-երեք շինություն է հիշեցնում մեզ առաջին հանրապետության պատմությունից՝ մեկը Արամի տունն է, այդ շարքում կարելի է թվարկել նաև զորավար Սիլիկյանի տունը և Համալսարանի «սև» շենքը, իսկ մեկ այլ պատմական կառույցում, 1918-20 թթ. կառավարության շենքում (Հանրապետության փողոց 37 հասցեով)՝ հիմա «հարմարավետ» տեղակայված են «Արցախբանկն» ու «Տաշիր պիցցան»:

Համեմատության համար օրինակ բերեմ լեհական Կրակով քաղաքը, որտեղ եղա վերջերս: Կրակովը փաստացի մի քանի դար Լեհաստանի մայրաքաղաքն է եղել՝ մինչև 1596 թիվը, որից հետո մայրաքաղաքը տեղափոխվել է Վարշավա: 1978-ից Կրակովի պատմական հին կենտրոնը և նրան հարակից Վիսլա գետի ափին գտնվող Վավել ամրոցը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հենց Վավել ամրոցն է եղել լեհական թագավորական նստավայրը, այստեղ են թագադրվել լեհ միապետերը և հետագայում նաև՝ այստեղ թաղվել: Պետք է տեսնել, թե ինչ խնամքով ու հոգատարությամբ է Վավելում պահպանվում և հազարավոր զբոսաշրջիկներին ներկայացվում լեհական պետականության պատմության հետ առնչվող ամեն մի ատրիբուտ, ամեն մի դրվագ: Դարերի ընթացքում ամրոցը, նրա ներսում գտնվող թագավորական պալատը և Սբ. Ստանիսլավի ու Վացլավի մայր տաճարը բազում անգամ ավերակների են վերածվել, սակայն հիմա հանրությանն են ներկայանում մանրակրկիտ և շքեղ կերպով վերականգնված:

Այո, 1921-ին մեզնից բռնի կերպով օտարվեցին մեր երկու միջնադարյան մայրաքաղաքները՝ Կարսն ու Անին, և նրանց հարուստ պատմությունը մենք այժմ միայն վիրտուալ տիրույթում ենք կարողանում ներկայացնել: Սակայն անգամ այս իրավիճակում շատ կարևոր է աշխարհին ներկայանալ արժանապատիվ և իրատեսական կեցվացքով. օրինակ, Արամի տունն ու նախկին Կառավարության շենքը վաղուց արդեն պետք է հայկական պետականությունը ներկայացնող թանգարաններ դարձած լինեին: Ի վերջո, ամեն ինչ չէ, որ անհրաժեշտ է բարդել արտաքին գործոնների վրա, և նախ պետք է սովորենք ինքներս մեզ հարգել, որ հետո արդեն կարողանանք ուրիշներին ստիպել հարգանքով մեզ վերաբերվել:

Նկարում՝ Կրակով քաղաքում գտնվող Վավել ամրոցը ներսից. ձախից՝ Սբ. Ստանիսլավի ու Վացլավի մայր տաճարն է, իսկ կենտրոնում՝ թագավորական պալատը: