Երեկ' աշխատանքի գնալիս, մի վերին աստիճանի վուլգար տեսարանի ականատես եղա։ Ուրեմն՝ նորակոչիկների ավտոբուսն է գնում Եղվարդի խճուղով, ու հետևից՝ մի վայրի թափոր՝ սիգնալներով, իրար դեմ կտրելով, մեքենաների միջից դուրս տնկված ինդիվիդներով։

Ես տաքսի էի նստում, որ էս գնչուական թափորը անցավ։ Նստեցի մեքենան, մինչև վարորդը տեղից կշարժվեր, տեղը կասեի և այլն, տենց մի 30 վայրկյան անցավ։ Հարյուր մետր էլ չէինք գնացել, տեսնենք՝ էս նորակոչիկների ավտոբուսը կանգնել է, որովհետև մի հատ կանաչ «Ջորի» դեմն է կտրել, ու էդ ամբողջ թափորն էլ շարված․ մի աժիոտաժ, մի խինդ, մի ուրախություն․․․

Ինչ գլուխներդ ցավացնեմ․ անիմաստ մի 5 րոպե սպասեցինք, մինչև սրանք ճամփեն բացեցին։ Ու էդ սաղ հարայ-հուրույի իմաստն էն էր, որ ավտոբուսի մեջ նստած իրենց բարեկամ/ընկերներին ձեռքով անեին ու նկարեին հեռախոսներով։ Մի կերպ անցնում ենք, էս վարորդը, որ մեր բակից ա, ասում է՝ հեսա կտեսնես, խփելու են իրար։

Մի խոսքով՝ այսօր էլի եմ գործի իջնում նույն վարորդի հետ։ Ի՞նչ ասի, որ լավ լինի։ Պարզվում է, որ ինձ իջեցնելուց հետո հետ է բարձրանում Եղվարդի խճուղով ու տեսնում է, որ էս բանդերլոգներից մի 4 մեքենա իրար են խփել այդ՝ աֆղանական մոջահեդներին հարիր շաբաշի ժամանակ, երբ կանաչ «Ջորին» նորակոչիկների ավտոբուսի դեմն էր կտրում, ու հիմա իրար հետ վիճում են։ Վարորդի խոսքերով՝ ինքը կանգնել ու նկատողություն է արել, թե բա՝ մի րոպե առաջ իրար ախպեր էիք ու ատչայաննի տղերք, որ ձեր ախպերներին հաջող անելու համար ավտոբուսի դեմ էիք կտրում, ճամփա էիք փակում, երթևեկություն էիք խանգարում, բա հիմա ինչո՞ւ եք վիճում, եթե հարամությունը միասին էիք անում։

Առակս ի՞նչ կցուցանե․ էդ վուլգարությունը թարգե՛ք՝ ավտոբուսների հետևից լարել, սիգնալ տալ, մեքենայի սալոնից տնկվել ու, առհասարակ, Մաուգլիի մասին մուլտֆիլմի բանդերլոգների վարքը դրսևորել։ Դրանից ո՛չ ձեր տղեն է ավելի լավ ծառայելու, ո՛չ սահմանն է ավելի անվտանգ դառնալու։ Փոխարենն առնվազն տարօրինակ ու տհաճ է կողքից նայելը, իսկ առավելագույնը՝ կարող եք ինքներդ վնասվել ու ուրիշներին վնասել՝ ստեղծելով վթարային վիճակներ։ Մի քիչ քաղաքակիրթ եղեք, տնաշեննե՛ր, բեդվիններ ու աֆղանական ցեղերի ներկայացուցիչներ չեք։