ԻՐԱՆ-ԻՐԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆՈՒՄ ԱՆԳԱՄ ԻՐԱՆՈՒՄ
Քաղաքական վերլուծություններն ու կանխատեսումներն ունեն որակի մեկ պարզ չափանիշ՝ որքանո՞վ են դրանք ճշգրիտ: ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանն այսօր մեջբերել է Իրանի վերջին իրադարձությունների նախագահ Ռուհանիի գնահատականը. ՛՛ Իրանի նախագահ Ռոհանին ասել է, որ ցույցերի իրական թիրախը եղել է Իրանի պահպանողական հոգեւոր դասը, որը արգելակում է հասարակության ազատությունները ընդլայնելու եւ Արեւմուտքի հետ հարաբերությունը բարելավելու իր պլանները:՛՛ Մամուլում դա անվանեցին ՛՛իրավիճակի անսպասելի շրջադարձ՛՛: Այս կապակցությամբ պարզապես արտատպում եմ ստորեւ հունվարի 4-ին հրապարակված հոդվածս:

 

ԻՐԱՆ. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՎԱՂԸ
Կամխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է, ինչպես հայտնի է, սակայն երբ խոսքը մեր անմիջական հարեւանի, այն էլ դարավոր ու պատմական գործընկերոջ Իրանի մասին է, անհրաժեշտ է գոնե փորձել կանխագուշակել զարգացումները:

 

Կարծում եմ, որ Իրանի ապստամբության հետեւանքը լինելու է ոչ թե իշխանափոխություն, այլ իշխանության բնույթի եւ երկրի քաղաքական ընթացքի փոփոխություն: Կարելի է կանխատեսել, որ արդյունքում ուժեղանալու է նախագահ Ռուհանիի աշխարհիկ թեւը եւ թուլանալու է այաթոլլա Խամենեիի եւ կրոնական շրջանակների ազդեցությունը: Դա բերելու է Իրանի դանդաղ բայց հստակ արդիականացմանը՝ ավելի դանդաղ, քան ցանկանում են ընվզողները, սակայն հավանաբար ներկայումս դա հնարավոր առավելագույնն է, նկատի առնելով Սաուդյան Արաբիայի անթաքույց թշնամությունը եւ այլ դրսի ճնշումները: Հենց արտաքին ճնշումն է այս պահին դանդաղեցնում բարեփոխումները Իրանում, որքան էլ դա զարմանալի թվա: Երկրի պատմությունը հիմք է տալիս իրանցիներին խորը արմատավորված անվստահություն պահպանել Արեւմուտքի նկատմամբ, ուստի Թրամփի խրախուսանքներն այս պահին ավելի շատ խանգարում են, քան օգնում դրական զարգացումներին:

 


Այնուամենայնիվ, բարեփոխումները տեղի են ունենալու գոնե կենսաբանական պատճառներով՝ Իրանում ընթանում է սերնդափոխություն եւ 1979 թվականի իսլամական հեղափոխության սերունդը հեռանում է ասպարեզից: Երիտասարդությունը եւ հատկապես կանայք դառնում են Իրանի շարժող ուժը, թեեւ սուննի-շիա հակամարտությունը մնալու է Իրանի հիմնական մարտահրավերը եւ բնականոն զարգացման գլխավոր արգելակը:

 


Հայաստանի համար նման զարգացումները բարենպաստ են, քանի որ մի կողմից դա պահպանում է մեր հարավային սահմանները չափազանց մեծ լարվածությունից առանց այն էլ թեժացող իրավիճակում, մյուս կողմից ապահովում է Իրանի աստիճանաբար ընթացող արդիականացումը, տնտեսական եւ քաղաքական, ինչը կարեւորագույն հակակշիռ է ապահովում ի հեճուկս Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան նշմարվող դաշինքի: Արեւմուտքի հանդեպ բաց, ժողովրդավար եւ զարգացող Իրանը հանդիսանալու է Հայաստանի համար ամենակայուն եւ ապահով թիկունք:
(5165 news.com, հունվարի 4, 2018 թ.)