Վերջին մի քանի տարում ամենաերկար դադարն էի վերցրել Ֆեյսբուքից։ Վերջին 10 օրում անընդհատ մտնում ու տնտղում էի լրահոսս, բայց ոչինչ չէի գրում։ Ոչ թե գրելիք ու հավես չկար, այլ ուզում էի նայել ֆեյսբուքյան սռաչերին ոչ թե մասնակցի, այլ՝ պասիվ ակնդրի աչքերով։

Ինչ խոսք, ամենադիտարժան վերբալ բատալիաներն Իրանի թեմայով էին։ Դիտարժանությունն էլ ներգրաված բևեռների, իսկ ավելի կոնկրետ՝ բևեռներից մեկի անձնուրաց ու ինքնաբուխ փորձերն էին՝ ապացուցելու, որ իրենք իրոք հալալ-զուլալ կլինիկական իդիոտներ են, ովքեր գլխուղեղի ուժեղ սասնածռացումից այդպես էլ խելքի չեկան ու հիմա գլոբալ ու լոկալ իրադարձություններին արձագանքում են Պավլովի շների պես․ հենց շուխուռ են լսում, լոզերը սկսում են գնալ, միանգամից աչքներին հերոսներ ու անձնուրաց ապստամբներ են երևում, և որ ամենասարսափելին է, իրենց էլ են հերոս ու ապստամբ պատկերացնում։

Հիմա՝ տոնական արձակուրդներից հետո, Ֆեյսբուքի կեսը, իհարկե, վաստակաշատ իրանագետ կդառնա, իրական իրանագետներն էլ իրենց ծանրակշիռ ասելիքները կասեն, բայց վստահեցնում եմ՝ կլինիկական իդիոտներին դա քիչ է օգնելու։ Մի պարզ պատճառով․ այս ստադիայում դա արդեն չի բուժվում։ Իրենք հավատալու են, որ Իրանում ոստիկանական մեքենաներ վառող խուժանն ազատության առաջամարտիկ է, ու եթե դրանք իրենց ուզածին հասնեն, ապա Իրանն, անշուշտ, կդառնա ժողովրդավարության ու սոցիալական արդարության օջախ, խիստ արագ տեմպերով կսկսի զարգանալ և իր արժանի տեղը կզբաղեցնի աշխարհի հզորների կողքին։

Բարեբախտաբար, Ֆեյսբուքում միայն կլինիկական իդիոտներ չեն, ու կան հազարավոր մարդիկ, ովքեր առնվազն սկեպսիսով են մոտենում կլինիկական իդիոտների նկարագրած տեսլականներին, որովհետև միանգամայն ռացիոնալ հարցեր ու ակնարկներ են ծագում, երբ սթափ ես վերլուծում այս իրավիճակը․ եթե էդ հերոս-խուժան զանգվածները կարող են ժողովրդավարացման բերել, ապա ինչո՞ւ այն երկրներում, որտեղ դրանց շանսատակ չարեցին ու չլարեցին տներով, այլ թույլ տվեցին, որ հասնեն իրենց ուզածներին, այդ ժողովրդավարությունը չեղավ (Լիբիա, Եգիպտոս, Թունիս, Սիրիա, Ուկրաինա)։

Այդ մարդիկ, ի տարբերություն կլինիկական իդիոտների, քաջ գիտակցում են, որ դրսից կուռացիա արվող «արդար ու ազատ քաղաքացիական շարժումները» չեն կարող Իրանին ու որևէ այլ երկրի, ուժեղների ոտքերի տակի փալաս դառնալուց բացի, այլ հեռանկար տալ։ Ու վերջապես, Ֆեյսբուքի ադեկվատ զանգվածը հասկանում է, որ Ֆեյսբուքում, այն էլ՝ Երևանում նստած, Պարսկաստանում հեղափոխություն չեն անում, անգամ եթե ունես ապստամբական թրաշ ու կլինիկական իդիոտիզմ։

Մի քիչ ագրեսիվ տոնայնություն ստացվեց, բայց արդեն ժամանակն է իրերին ու անձանց իրենց իրական անուններով կոչելու։ Կլինիկական իդիոտը, միևնույն է, բարձրաշխարհիկ ինտելեկտուալ չի դառնա, բայց առաջնորդելով իրենց մեջ այդքան խորը նստած հոտային բնազդով, կվախենա հանրային պարսավանքի արժանանալուց։ Վերջիվերջո, անգամ կլինիկական իդիոտը հաճույք չի ստանում, երբ իրեն ասում ու հիմնավորում են իր դիագնոզը, այն էլ, երբ դա արվում է հրապարակայնորեն։

Հ․Գ․ Իսկ եթե ուզում եք պարզել՝ արդյո՞ք դուք պատկանում եք կլինիկական իդիոտների լեգիոնին, մի պարզ հարցի պատասխանեք․ դուք կո՞ղմ եք Իրանի ապակայունացմանն ու «ապստամբ-հերոսների» պայքարին։ Եթե կողմ եք, ապա դուք եթե կլինիկական իդիոտ էլ չեք, ապա խիստ ռիսկային գոտում եք։

Կոնստանտին Տեր-Նակալյան