ՍՈւՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (8 հունվար 2018թ.)

Երբ մոգերը մեկնեցին Բեթղեհեմից, Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին ու ասաց.
- Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, ինչքան որ կասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ սպանելու համար նրան։
Հովսեփն արթնացավ, գիշերով վերցրեց մանկանն ու նրա մորը և գնաց Եգիպտոս, որտեղ մնաց մինչև Հերովդեսի մահը։ Այսպես իրականացավ Տիրոջ խոսքը՝ ասված Օվսիա մարգարեի բերանով. «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն»։

Իսկ Հերովդեսը, երբ տեսավ, որ մոգերը խաղ խաղացին իր հետ, սաստիկ զայրացավ և մարդ ուղարկեց, որպեսզի սպանեն Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող բոլոր երեխաներին, որոնք երկու տարեկան և կամ դրանից ավելի փոքր էին՝ նկատի ունենալով Հիսուսի ծննդյան ժամանակը, որ նա ստուգել էր մոգերից։ Այսպես իրականացավ այն, ինչ Տերն ասել էր Երեմիա մարգարեի բերանով. «Մի գույժ լսվեց Ռամայում, ողբ, հեծեծանք և լացուկոծ դառնագին. ողբում էր Ռաքելն իր զավակներին և չէր ուզում մխիթարվել, քանզի նրանք այլևս չկային»։

Հերովդեսի մահից հետո ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց.
- Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և վերադարձի՛ր Իսրայելի երկիրը,
որովհետև մանկանը սպանել ուզողները մեռան։
Հովսեփը վեր կացավ, վերցրեց մանկանն ու նրա մորը և վերադարձավ Իսրայելի երկիրը։ Բայց երբ լսեց, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանի վրա իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ։ Դրա փոխարեն, երազի մեջ իրեն հրամայվածի համաձայն, գնաց Գալիլեայի կողմերը և եկավ բնակվեց Նազարեթ քաղաքում, որպեսզի իրականանա այն, ինչ Տերն ասել էր մարգարեների միջոցով, թե՝ Նազովրեցի պիտի կոչվի։
(Մատթեոսի ավետարան 2:13-23)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան