Ակտիվիստ Վարդգես Գասպարին բաց նամակ է հղել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև. 

«Գուցե շատերի համար սա ընդամենը թամաշա լինի, առավել ևս Նոր տարվա հանգստյան էս օրերին: Որ թամաշա չուզեի՝ ի՞նչ պիտի անեի: Չէ որ կարելի էր գրել և ուղարկել միայն քեզ, բայց սա վերաբերում է նաև 122, թերևս 22, հազար մարդկանց, որոնց քվեով ես դու դարձել ԱԺ պատգամավոր:

Հատկապես, և թերևս միայն դու Նիկոլ ջան, քանի որ խոսքը վերաբերում է քաղբանտարկյալներին, իսկ ԱԺ ԵԼՔ-ի մյուս պատգամավորները ի՞նչ գիտեն՝ ի՞նչ բան է կալանավայրը, ի՞նչ է զոննան, և ի՞նչ է նշանակում զոննայի հետ չհամակերպվելը: Միայն դու ես եղել քաղբանտարկյալի կարգավիճակում, և հուսամ այդ ամենը չես մոռացել (փորձում եմ բանտային օրագրերդ գտնեմ ՝ մի քանի մեջբերումներ անեմ, չեմ գտնում): Ինչևէ… Նիկոլ, ես քեզանից ավելին եմ ակնկալում, քան Սասնա Ծռերի ամենամոլի երկրպագուները: Նրանց համար Ծռերը էպոսի հերոսներ են իսկ դու գիտես ի՞նչ է արժենում կալանավայրում ընդամենը քաղաքացի լինելը: Դու գիտես, և դրա համար էլ միշտ այս հարցը պահում ես ուշադրության կենտրոնում, և ի՞նչ ամռանը գնացիր կալանավայր և իմացար «քննիչը»  չի թողում միջամտես զոննայի գործերին ու խելոք-խելոք վերադարձար, մի քանի ամիս օրենք մշակեցիր, որ «քննիչի»  կարգադրությունը շրջանցես, իսկ քննիչները, ինչպես նախատեսվում էր ի սկզբանե, մերժեցին օրենսդրական նախաձեռնությունդ:

Եթե կհարցնես ի՞նչ եմ ակնկալում, ապա կասեմ ՝ ես չէ, մի հատ ինքդ հիշիր ՝ ի՞նչ էիր ակնկալում, երբ գտնվում էիր նույնական վիճակում: Իմ աղոտ հիշողությամբ կոչ էիր անում իջնել մատենադարանի բուլիժնիկներից, և որդեգրել «Մեկն ընդդեմ բոլորի» մարտավարությունը: Հիշում ե՞ս Նիկոլ՝ «սերժանտական խրախճանքները», հիշում ե՞ս՝ ի՞նչ էին քեզանից պահանջում կալանավայրում, թե կարծում ես արդեն իրավիճակը փոխվել է կալանավայրերում:
Այնքան մռայլ է այս նոր տարին, որ իմ ընտրած պատգամավոը (պատգամավորները), ինձ հետ միասին նրանց քվեարկած 122, թե չգիտեմ 22 հազար քաղաքացիները այսքան անհաղորդ են իմ ապրումների հետ: (Իսկի չգիտեմ քեզ քվեարկած 22 մարդու հուզում է վերոհիշյալը)»: