Հայերս սիրում ենք հպարտանալ նրանով, որ մենք ինդիվիդուալիստների ազգ ենք։ Ի դեպ, այս մի միֆն էլ ենք երկար ժամանակ փափագել, կուլտիվիզացրել ու նույնիսկ արտահանել։ Արտասահմանում ու մասնավորապես՝ հետխորհրդային տարածքում անգամ անեկդոտ կա, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ում էլ գիշերվա 4-ին արթնացնես ու հարցնես, թե արդյո՞ք համաձայն է նախագահ լինել, առանց վարանելու կհամաձայնի։

Իրականում, ինչպես արդեն նշեցի, սա էլ է միֆ։ Մենք ինդիվիդուալիստների ազգ չենք։ Մենք կոլեկտիվ անպատասխանատվության մոլուցքով ապրող ազգ ենք, ինչի արդյունքում մեր սոցիումը գտնվում է պերմանենտ ատոմիզացիայի փուլում։ Թարգմանեմ․ մեզ մոտ սեփական պատասխանատվությունը սոցիումի նկատմամբ այնքան ցածր է ու դա այնքան համատարած է, որ համազգային մասշտաբի բառդակ է առաջանում, որտեղ գրեթե ոչ մեկ իր տեղում չէ, որտեղ գրեթե բոլորը դժգոհ են իրենց տեղից ու գրեթե բոլորը անկազմակերպ ինդիվիդուալ շարժումներ են անում՝ հաշիվ չտալով այդ շարժումների հետևանքների մասին՝ հանրային շահի կոնտեքստում։

Կենցաղային մի օրինակ բերեմ։ Երեկ մամուլում կարդացի, որ Երևանում ռեյդեր են՝ փողոցներում սիգ վաճառողներին են տուգանում, որովհետև սիգի որսն արգելված է այս սեզոնին։ Հոդվածում մեջբերված էր որսագողերից մեկի դժգոհությունը, որը պարզեցված մոտավորապես այսպես էր հնչում․ ի՞նչ եք կպել մեզանից, հեն ա, վերևներում բոլորը թալանում են, մեր որսագողությունը աչքերիդ փուշը դառա՞վ, մենք էլ ենք երեխա պահում․․․

Այ սա հենց ասածիս վառ իլյուստրացիա է։ Եթե այս մտածելակերպը լիներ միայն այդ որսագողի մոտ, կամ էլ գոնե հասարակության փոքր խմբի մոտ, ապա գործ կունենայինք ինդիվիդուալ անպատասխանատվության հետ։ Սակայն այս մտածելակերպը համատարած է։ Ցավոք սրտի՝ մարդիկ, ովքեր դեռ մանկուց գիտեն, որ եթե մեկը, կամ էլ հարյուրը գլուխները պատով են տալիս, ապա դա դեռ բնավ չի նշանակում, որ դու էլ պետք է նույնն անես, փոքրամասնություն են մեր հասարակությունում։ Ավելին ասեմ՝ մարգինալ փոքրամասնություն են։ Իսկ մեծամասնությունը գերադասում է արդարացնել որսագողին, անտառագողին, գանձարանագողին ու գրեթե միշտ՝ նույն պատճառաբանությամբ․ «Վերևներից սկսեք», «Հա դե ժողովուրդը սոված ա», «Երեխեք են պահում»․․․

Դրա համար էլ բառդակում ենք ապրում։ Ու մի պատմեք լոլոներ ինդիվիդուալիզմի մասին։ Ինդիվիդուալիստներ են գերմանացիները, ովքեր բնազդային մակարդակով են հասկանում, որ մարդը հասարակական էակ է ու արդյունավետ է խմբերում, ոչ թե մենակով։ Ու այդ գերմանցու ինդիվիդուալիզմը բերում է նրան, որ նա կրկնակի շատ է ջանք ու եռանթ թափում հանուն ընդհանուր շահի, որովհետև գիտի, որ եթե բոլորի համար լավ լինի, ապա իր համար էլ լավ կլինի։ Իսկ մեր ինդիվիդուալիզմը մեծաասամբ հանգում է ինդիվիդուալ ախմախության, երբ կարելի է հանուն մորթու շահի ամեն ղալլաթ էլ անել, իսկ երբ ճիպոտով սկսում են դաղել դրա համար, սկսում ենք գոռալ՝ «Բայց խի՞ հենց ես, սաղ էլ իմ պես են, նամանավանդ՝ վերևները»։