Այս երրորդ անգամ էր, որ Հիսուսը երևաց աշակերտներին՝ մեռելներից հարություն առնելուց հետո։


Երբ նրանք կերան, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց.
-Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ սրանցից ավելի։
-Այո՛, Տե՛ր,- պատասխանեց նա,- դու գիտես, որ սիրում եմ քեզ։
-Արածեցրո՛ւ իմ գառներին,- ասաց Հիսուսը նրան։
Նա դարձյալ հարցրեց.
-Սիմո՛ն, Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ։
-Այո՛, Տե՛ր,- պատասխանեց նա,- դու գիտես, որ սիրում եմ քեզ։
-Արածեցրո՛ւ իմ ոչխարներին,- ասաց Հիսուսը նրան։
Երրորդ անգամ նրան հարցրեց.
-Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ։


Պետրոսը տխրեց, որ նա երեք անգամ հարցրեց իրեն, թե՝ «Սիրո՞ւմ ես ինձ»։ Եվ ասաց նրան.
-Տե՛ր, դու ամեն ինչ գիտես և գիտես, որ սիրում եմ քեզ։
Հիսուսը նրան ասաց.
-Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։
Եվ ավելացրեց.
-Լա՛վ իմացիր, երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր կապում գոտիդ և գնում, ուր որ ուզում էիր։ Բայց երբ ծերանաս, ձեռքերդ պիտի վեր բարձրացնես, և ուրիշները պիտի կապեն գոտիդ ու քեզ տանեն այնտեղ, ուր դու չես ուզում գնալ։
Հիսուսն այս ասաց՝ ցույց տալու համար, թե Պետրոսն ինչպիսի մահով պիտի
փառավորի Աստծուն։ Ապա Հիսուսն ասաց նրան.
-Հետևի՛ր ինձ։

 

Պետրոսը հետ դարձավ և տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուսը սիրում էր, հետևում է իրեն. նա, որ ընթրիքի ժամանակ Հիսուսի կողմը դառնալով՝ հարցրել էր. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը, տեսնելով նրան, հարցրեց Հիսուսին.
-Տե՛ր, իսկ սա ի՞նչ պիտի լինի։
Հիսուսը պատասխանեց.
-Եթե ես ուզում եմ, որ սա ապրի, մինչև որ ես գամ, քեզ ի՞նչ փույթ. դու հետևի՛ր ինձ։
(Հովհաննեսի ավետարան 21:15-22)

 

Հետևյալ պատվերն եմ տալիս քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին և մեռածներին՝ իր հայտնության օրը, երբ գա իր թագավորությամբ.
- Քարոզի՛ր Աստծու խոսքը և այն հայտարարի՛ր ամեն առիթով՝ առանց մտածելու պատեհության կամ անպատեհության մասին, ուղղի՛ր սխալները, սաստի՛ր կամ հորդորի՛ր՝ մեծ համբերատարությամբ ուսուցանելով, որովհետև կգա ժամանակ, երբ մարդիկ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց հաճոյացնող բաների մասին խոսող ուսուցիչներ կփնտրեն: Նրանք չեն ուզենա ճշմարտությունը լսել և կկորչեն՝ ականջ դնելով առասպելներին: Բայց դու արթո՛ւն եղիր միշտ, համբերի՛ր նեղություններին, ավետարանչի քո գործն արա և քո ծառայությունը հասցրու իր ավարտին:


Գալով ինձ՝ ես արդեն իմ կյանքն իբրև զոհ նվիրել եմ Աստծուն, և այս աշխարհից իմ մեկնումի ժամանակն էլ մոտեցել է: Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի կյանքիս ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետև ինձ մնում է միայն սպասել արդարության պսակին, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, ինձ կտա դատաստանի օրը: Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն:

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան 

 


(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 4:1-8)