Մինչև 1492 թվականը Ռուսաստանում Ամանորը տոնում էին մարտին, հետո այն տեղափոխվեց սեպտեմբերին: Այն հարմար էր և տրամաբանական: Մարդիկ աշխատում էին, հավաքում բերքը, և տոնելու առիթ կար, բայց Պետրոս I-ի հրամանով Ռուսաստանում 1700 թվականից նոր տարին սկսեցին դիմավորել հունվարի 1-ին: Ամանորին արդեն ընդունված էր յոթ օր հանգստանալ, ուրախանալ, կրակել փոքր թնդանոթներից, հրացաններից և այլ փոքր զենքերից: Ի դեպ, պատմաբաններն ասում են, որ պետրոսյան ճոխ երեկույթներն ապշեցնում էին օտարերկրացիներին:

Պետրոս I-ի կազմակերպած ճոխ երեկոներից և յոթօրյա արձակուրդից վերադառնանք մեր իրականություն:

Հայաստանում մինչև այս տարի, տոնական արձակուրդը տևում էր 10 օր: Սակայն ՀՀ Կառավարությունը փոփոխություններ է նախատեսել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում, որով կկրճատվի ամանորյա արձակուրդի տևողությունը, մասնավորապես՝ հունվարի 3-5-ը կսահմանվի որպես աշխատանքային օրեր: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից, այսինքն՝ առաջիկա ամանորի վրա այն չի տարածվի, իսկ ահա 2019 թվականից սկսած ամանորյա արձակուրդը 3 օրով ավելի կարճ կտևի: Վարչապետի խոսքով «հունվարի 3-ից սկսած աշխատանքային օրեր հայտարարելը պետք է լինի օրենքով, բայց քանի որ այժմ նման օրենք ընդունելու համար ժամանակ չկա, մենք շարունակելու ենք 10 օր գոճի ուտել: Իսկ ահա հաջորդ տարվանից օրենքը, հավանաբար, կփոխվի»:

Մնում է միայն գոճի (շատերի դեպքում կոկորդիլոս) ուտելու մասին բարձրաձայնողներին հիշեցնել, որ սովորական մահկանացուներից շատերին գոճին այսօր հասանելի չէ: Պարզ գյուղացուն էլ չի հետաքրքրում ամանորյա սեղանին 380 000 դրամանոց կոկորդիլոս զետեղելու օլիգարխիկ ցուցամոլությունը: Գյուղացին բավարարվում է իր հավանոցից հնդկահավ սեղանին դնելով: