Այսօր բոլոր քրիստոնյա ազգերը տարեմուտը տոնում են հունվարի 1 -ին, և հունվար նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալը ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում, կաշկանդված հավիտենական մահվամբ, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Եվ Քրիստոս, այս ամսին ծնվելով, ավերեց դժոխքը և մեզ ազատեց հավիտենական մահից, և առաջնորդում է երկնքի արքայություն, այդ պատճառով էլ այս ամիսը մեր համար եղավ ամիսների սկիզբ: Ինչպես հին Իսրայելը Մովսեսի միջոցով ազատվեց մարմնավոր և ժամանակավոր գերությունից և հրաման ստացավ անբան գառների արյունը ցողել տան դռան սեմերին և տարեմուտ տոնել, այնպես էլ նոր Իսրայելը՝ Եկեղեցին, Աստծու Միածին Որդու միջոցով ազատվեց հոգևոր և հավիտենական մահից և հրաման ստացավ Աստծու անարատ Գառան արյամբ ցողել հոգու և մարմնի սեմերը և ուրախությամբ բոլորին հայտնել, որ գերի էինք, և Աստված մեզ ազատեց:

Սա մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է, և այդ օրը եկեղեցիներում սուրբ Պատարագ է մատուցվում: Այդ օրը մենք հավաքվում ենք միասին, տոնում տարեմուտը և միմյանց ընծաներ մատուցում՝ ասելով՝ «Շնորհավո՛ր նոր տարի»: Եվ գոհություն ու երկրպագություն ենք մատուցում Տիրոջը, որ անցնող տարին խաղաղությամբ անցկացրինք և խնդրում, որպեսզի եկող տարում ևս մեզ խաղաղությամբ պահի: Այս տոնը կոչվում է նաև Կաղանդ և Ամանոր: