Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և այդ երկրում գործող ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու վերաբերյալ նախագահ Թրամփի որոշումը միանգամայն նոր ռազմաքաղաքական իրավիճակ է ձևավորելու Մերձավոր Արևելքում: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն արդեն հայտարարել է, որ դեսպանատան տեղափոխման գործընթացը կարող է երեք տարի տևել, քանի որ անհրաժեշտ է լինելու Երուսաղեմում հարմար հողակտոր ընտրել և կառուցել նոր' դեսպանության գործառույթներին և անվտանգության պահանջներին համապատասխանող շենք:

 

Այդուհանդերձ, կարելի է ասել, որ Երուսաղեմի պատկանելության խնդրի շուրջ մինչ այժմ առկա ստատուս քվոն արդեն իսկ խախտվել է:Թե հրեաները, թե պաղեստինցի արաբներն Երուսաղեմը համարում են իրենց մայրաքաղաքը և այժմ, հավանաբար, ամերիկյան կողմի վերոհիշյալ քայլի արդյունքում նրանք կամ պետք է արագ պայմանավորվեն, թե կոնկրետ ինչպես են կիսելու Երուսաղեմը, կամ էլ իսրայելական կողմը պարզապես կմերժի պաղեստինցիների պահանջներն ու Պաղեստինի անկախությունը կճանաչի այն պայմանով, որ նրա համար մեկ ուրիշ մայրաքաղաք կընտրվի:

 

Բայց այս ամենը հետոյի խնդիր է, իսկ այս պահին կարևորն այն է, որ ԱՄՆ ոչ միայն արաբա-իսրայելական հակամարտության ու Երուսաղեմի հետագա ճակատագրի համար պատասխանատվության մի զգալի բեռ վերցրեց իր վրա' պաշտոնական Վաշինգթոնը նաև առաջիկայում Երուսաղեմը ֆիզիկապես վերահսկելու հայտ է ներկայացրել, ինչը ոչ պակաս, իսկ միգուցե նաև ավելի կարևոր հանգամանք է: Կարծում եմ, որ եթե ԱՄՆ վարչակազմը հետևողականորեն իրականացնի իր այս որոշումն, ապա շատ մոտ ապագայում նրա օրինակին կհետևեն նաև այլ պետություններ: Ամերիկյան դեսպանատան կառուցման վայրի ընտրությունն անգամ կարող է բացառիկ ազդեցություն ունենալ այս հարցում: Եթե հակամարտ կողմերը համաձայնության գան, ապա Երուսաղեմը կարող է դառնալ աշխարհի այն եզակի քաղաքն, ուր օտար պետությունները կունենան երկուական դեսպանատուն' մեկը Պաղեստինի, իսկ մյուսը' Իսրայելի համար:

 

Առանցքային խնդիր է լինելու այն, թե ամերիկացիները կոնկրետ որտեղ կնախընտրեն կառուցել իրենց նոր դեսպանատունը' եթե ընտրվի հրեաբնակ Արևմտյան Երուսաղեմի արվարձանն, ապա դա կդիտարկվի որպես հենց բացառապես Իսրայելին աջակցելու քայլ, մինչդեռ եթե որոշվի դեսպանության շենքը տեղակայել Հին քաղաքի տարածքում, ապա այդ ընտրությունը կարող է վկայել նաև ԱՄՆ կողմից Երուսաղեմում միջէթնիկական ու միջդավանաբանական հարցերում հովանավոր-միջնորդի դեր ստանձնելու հավակնության մասին: Քրիստոնեաների, հուդայադավանների ու իսլամադավանների, ինչպես նաև արաբների ու հրեաների միջև առաջացող վեճերի ու հակասությունների լուծումը տեղում այլևս կարող է դառնալ ամերիկյան ազդեցությունն ամրապնդող մի նոր գործոն: Ի դեպ, եթե դեսպանատան կառուցման համար ընտրվի Հին քաղաքի տարածքն, ապա հայ համայնքը կարող է մտմտալ նաև այդ նպատակով ամերիկացիներին որևէ հայապատկան տարածք առաջարկելու ուղղությամբ: Անշուշտ, այս գաափարը պետք է նախապես լրջագույնս քննարկվի' դրանից բխող առավելություններն ու վտանգներն անհրաժեշտ է հստակ պատկերացնել:

 

Արման Մելիքյան