Հայաստանն իր հարևանների համեմատ միակ երկիրն է, որը Սովետական միության փլուզումից հետո հեղափոխական իրավիճակ երկրի ներսում չի ունեցել։ Այսինքն՝ այդ եղանակով Հայաստանում իշխանություն չի փոխվել, հետևաբար կորուստներն էլ եղել են հնարավորինս քիչ։ Հեղափոխությունները միտված են պետությունների բարեկեցությունները ապահովելուն, սակայն ամեն անգամ չէ, որ դրանք արդյունավետ են լինում։ Փոքր պետությունները երբեմն ստիպված են կռվախնձոր դառնալ մեծ պետությունների ձեռքում, որի վերջնահաշվարկում սովորաբար ինչ-որ գին են վճարում հեղափոխության դիմաց։ Հայաստանի խնդիրներն ինչքան էլ նման լինեն տարածաշրջանում այլ պետություններից շատերի խնդիրներին, սակայն միևնույն ժամանակ նաև բավականին տարբեր ու ունիկալ են։ Վրաստանը, օրինակ, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի արդյունքում կորցրեց Աբխազիան և Օսեթիան, փոխարենը Արևմտյան քաղաքական բևեռից ստացված եկամուտների արդյունքում երկրի իշխանությունները իսկապես լուրջ բարեփոխումներ կատարեցին երկրում՝ մասնավորապես դատական, իրավական առողջապահական ոլորտներում։ Սակայն հանրությունը ի վերջո չներեց 2003 թվականի հեղափոխական ճանապարհով իշխանության եկած ու հետագայում երկրի կառավարման դերը ստանձնած Միխեիլ Սահակաշվիլիին՝ տարածքային կորուսների համար ու 2011 թվականին Վրաստանում հաղթեց ըննդիմադիր «Վրացական Երազանք» կուակցությունը, որը և շարունակում է ցայօսր լինել երկրի առաջին քաղաքական ուժը։ Ժողովուրդների համար տարածքային ամբողջականության հեղհեղուկ բաղադրիչը շատ ավելի կարևոր է երբեմն առարկայական բարեկեցությունից։ Ադրբեջանում համեմատաբար հանգիստ է, սակայն այնտեղ էլ դինաստիական կառավարումը լուրջ խմորումներ է առաջացրել այդ երկրի կլանային կառավարիչների շրջանում ու չի բացառվում, որ տնտեսական ճգնաժամի, նավթի գների անկման հետ մեկտեղ այդ երկրում ինչ-որ մի պահից սոցիալական լարվածությունը հանգեցնի աղետալի հետևանքների։ Թուրքիայում 2016 թվականին օգոստոսին թվով 6-րդ հեղափոխական իրավիճակը ստեղծվեց, սակայն ի տրաբերություն իր նախորդների՝ այս անգամ ձախողվեց։ Նախորդ հինգ անգամները զինվորական վերնախավին հաջողվել էր գահընկեց անել կենտրոնական իշխանություններին։ Այս անգամ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվեց իր կողմը գրավել երկրի ոստիկանությանն ու ազգային անվտանագության ծառայություններին ընդդեմ բանակի, ու առավոտյան արդեն հեղափոխությունը տապալված էր։ Թուրքական ղեկավարությունը առ այսօր շարունակում է պատժել պետական հեղաշրջման մեղավորներին, որոնք ասոցացվում են Թուրքիայից արտաքսված, Էրդողանի երբեմնի դաշնակից, ազգայնական կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ։ Գյուլենը ներկայումս գտնվում է ԱՄՆ–ում ու կտրականապես հերքում է իր մասնակցությունը օգոստոսյան դեպքերին։ Տարբեր միջազգային գնահատականներով արդեն մոտ 7000 զինվորական է բանտարկվել, սպանվել, ու գնդակահարվել երկրում անկարգություններ հրահրելու համար։ Սա էականորեն վնասեց Թուրքիայի իշխանությունների հեղինակությանը՝ ժողովրդավարության ու մարդու իրավուքների պաշտպանության համար տարվող աշխատանքների հարցով։ Առ այսօր լարված են Թուրքիայի ու Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Համեմատաբար ավելի կայուն քաղաքական իրավիճակ է Հայաստանի հաարվային հարևան Իրանում։ Սա գլխավորապես կախված է այս երկրի՝ կրոնական կառավարման մոդելի հետ։ Երկիրը ունի նախագահ՝ հանձին Հասան Ռոհանիի, ով ի դեպ մի քանի ամիս առաջ երկրորդ անգամ ստանձնեց երկրի կառավարման դերը, սակայն գերագույն իշխանությունը պատկանում է Իրանի հոգևոր առաջնորդին՝ Այաթոլլա Խամենեին։ Հենց նա է որոշում երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Պետության ներսում բախումներ չեն առաջանում, սակայն պետք է նշել, որ Իրանը բազմէթնոս պետություն է, որտեղ ի տարբերություն երկրի հիմնական շիա դավանողների՝ կան նաև սուննիներ, քրիստոնյաներ, հուդդայականներ և այլ կրոնական դավանանքի տեր ժողովուրդներ։ 10-ից ավելի էթնոսների պարագայում չի բացառվում, որ ինչ-որ պահի արտաքին ուժերի միջամտությամբ իրավիճակ լարվի նաև Իրանում, ու չնայած այդ երկրի նկատմամբ կիրառվող սանկցիաներին, Իրանը շարունակում է ունենալ ամուր տնտեսություն։ Երկրի ՀՆԱ-ն կազմում է 1.284 տրիլիոն դոլլար, իսկ աշխարհում այդ ցուցանիշով 18-րդ տեղում է։ Նավթի պաշարներով երկիրը զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ գազի պաշարներով՝ սկսած 2014 թվականից՝ առաջին տեղը, շրջանցելով Ռուսաստանին։ Կարելի է վստահաբար ասել, որ թեպետ աշխարհի հզորագույն երկրի՝ ԱՄՆ հետ ատոմային զենքի կառուցման հարցում ունցած տարաձայնությունների ու դրա արդյունքում պարբերաբար սանկցիաների տակ հայտվելուն, Իրանը որդեգրել է զարգացման էվոլուցիոն ճանապարհը ու երկրի ներսում ցնցումներ գրեթե չկան։ Ինչ մնում է Հայաստանին, ապա այս երկրների հետ համամետած Հայաստանն իր աշխարհագրական դիրքով ու մարտահրավերներով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Ընդ որում, սկսած 1991 թվականից մինչև մեր օրեր, բազմաթիվ անգամ երկրի ներսում ցնցումներ են տեղի ունեցել, թե՛ ընտրական, թե՛ հետընտարական ու թե նույնիսկ զենքի ուժով իշխանություն վերցնելու փորձերով։ Սակայն հաջողություն չեն ունեցել։ Եթե ասենք իշխանության փոփոխության հասարակական պահանջ չի եղել, ապա վստահաբար ճիշտը չենք ասի։ Մեթոդական առումով հեղափոխական ճանապարհով իշխանություն փոխելու տարբերակը մեր երկրում չստացվեց հանրային բողոքի դիմադրողականության ոչ բարձր մակարդակի պատճառով։ Մյուս կողմից՝ մեր երկրում իշխանությունը տարիներ շարունակ հանրային բողոք կազմակերպող ուժերին դիտարկել է որպես չարիք ու արել ամեն ինչ նրանց մարգինալ դարձնելու համար։ Իշխանություն-ըննդիմություն՝ միմյանց փոխլրացնելու վերաբերյալ դասական քաղաքական ձևակերպման մասին դեռ երկար ժամանակ ստիպված ենք լինելու մոռանալ։ Հետևաբար, քանի որ այսօր դաշտում կա մեկ խաղացող՝ հանձին իշխանության, ապա վճռական խոսքը մնում է հենց նրանը։ Եթե չկա ըննդիմություն, պետք է ստեղծել այն, որովհետև, եթե չկա ուժեղ ըննդիմություն, չկա նաև ուժեղ իշխանություն։ Ստեղծել ասելով նկատի չունենք տարբեր ժամանակներում, իրավիճակային, գրպանային հատվածական շահով առաջնորդվող անհատների կամ քաղաքական կազմակերպությունների, այլ ընդդիմություն, որպես ինստիտուտ։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական իշխանությունը գնա իրական բարեփոխումների՝ նկատի ունենալով՝

ա. Ռեալ փոփոխություններ, այլ ոչ թե վերացական խոսք։

բ. Հստակ գիտակցում, որ չի լինում անցավ բարեփոխում։ Հասարակության մեջ սոցիալական ամենակայուն դիրքն ունի էլիտան, ուստի տրամաբանորեն այն չի ձգտում փոփոխության, որովհետև հայտնի չէ, թե այդ փոփոխությունը ինչով կավարտվի իր համար։ Այս մտայնությունը չպիտի լինի դոմինանտ։

գ. Իշխանության մեջ, կամ դրա հարակից շրջանակները, անհատները, որոնց վատ կառավարման հետևանքով մեկ անգամ չէ երկրում ներքաղաքական ցնցնում առաջացել, պիտի ենթարկվեն պատասխանատվության ու պետք է ապահովվի այդ պատասխանատվության մատուցման հանրային ֆոնը։

դ. Վերոնշյալ փոփոխությունները կարող են հանգեցնել բարդությունների, սակայն դրանք վստահաբար կարճաժամկետ ազդեցություն ունեն, երկարաժամկետ արդյունքների համար անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական կամք ու համբերություն։

ե. Իշխանությունները պետք է հասկանան, որ իշխանությունը անվերջ հարստանալու միջոց չէ ու բարեփոխումների արդյունքում գուցե ստիպված լինեն կորցնել կամ կիսել այն։ Հնարավոր չէ էլիտայի պարբերական վերադասավորումներով առաջընթաց ու բարեփոխում ապահովել։

զ. Ի վերջո պետք է հստակեցվի երկրի տեսլականը (vision), որովհետև Հայաստանը հետսովետական միակ երկիրն է, որը չունի տեսլական ու մարդիկ երկիրը լքում են ոչ թե սոցիալական ծանր պայմաններից, այլ գլխավորապես ապագայի հանդեպ իրենց ունեցած սկեպտիկ պատկերացումների արդյունքում։

է. Պետք է հստակեցվի, թե ով է լինելու պետության վարչապետը, որովհետև այդ հստակության բացակայությունը լրացուցիչ գրգռում է հանրության նյարդերը, որոնք առանց այն էլ պրկված են։

ը. Հայաստանի միջազգային կշիռը այսօր առավել քան երբևէ բարձր է վերջին 10 տարիների համեմատ։ Սա լուրջ հաղթաթուղթ է, որը արդեն պետք է ծառայի ներքին լսարանի հետ տարվող աշխատանքներում հաջողության հասնելու համար։ ԵՄ-ի հետ շրջանակայնի համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում պետք է շատանան կրթական ծրագրերի՝ ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթություններին տրամադրվող միջոցները։ Իշխանությունը պարտավոր է ապահովել ֆինանսական հոսքերի թափանցիկությունը, հետևել դրանց մուտք ու ելքին։ ԵԱՏՄ–ում Հայաստանը պետք է դրսևորի ավելի հաստատակամ դիրքորոշում, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարցերում, որովհետև «180 միլիոնանոց շուկայի» արդյունքները ՀՀ քաղաքացիները չեն զգում իրենց մաշկի վրա։

թ. Հատուկ ուշադրություն ՏԻՄ ընտրություններին, մանավանդ խոշորացված համայնքներում սպասվելիք ընտրություններում հանրային հետաքրքրությունը ավելացնելու համար։ Անհրաժեշտ է ոչ թե հոխորտալ՝ մեղադրել սեփական ժողովրդին տգիտության, աշխատասիրության պակասի մեջ, այլ հստակ իմանալով վերոնշյալը, քայլեր անել ստեղծելու միջավայր, որպեսզի այդ ամենը վերանա։ Հանրությունը պարտավոր չէ լինել իրազեկ պետության բոլոր խնդիրների վերաբերյալ։ Նա միշտ պահանջատեր է ու պետության խնդիրը այդ պահանջների գոնե մինիմալ ապահովումն է, որպեսզի բողոքը չհասնի կրիտիկականի։ Հայաստանի և ոչ մի իշխանություն չի ապահովել հանրության մինիմալ պահանջմունքները՝ մասնավորապես ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու դրույթը։

ժ. Վերադարձնել հանրության քաղաքական հետաքրքրությունը։ Իշխանությունը հասել էր նրան, որ այդ հետաքրքրությունները հասնեն մինիմումի։ Քաղաքացիական հասարակությունը այլևս որևէ վտանգ չի ներկայացնում իշխանության համար։ Ունենք ապաքաղաքական հասարակություն։ Սակայն սա ամենևին չի լուծում խնդիրները, հակառակը՝ ավելի է խորացնում, քանի որ երբ չկա հակակշիռ, էլիտան պայքար է սկսելու ինքն իր դեմ։ Անհարժեշտ է մշակել հանրության հետաքրքրությունը վերականգնող մեխանիզմներ, որի օրինակը կարող էր լինել օրինակ այն, որ Վանաձոր քաղաքում քաղաքապետ դառնար ընդդիմության ներկայացուցիչը։

ի. Խիստ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի արտաքին մարտահրավերների՝ մասնավորապես հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական կոնֆլիտի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը կրի պարբերական բնույթ։ Իշխանությունը պարտավոր չէ ամեն րոպե խոսել, թե ինչ է կատարվում սահմանում, սակայն պարտավոր է տալ համապարփակ տեղեկատվություն տարվող բանակցությունների, դրանց ընթացքի, հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Խոսքը չի գնում պաշտոնական տեղեկատվության, ռելիզների տեսքով նախադասություններին, այլ հասարակության հետ սիստեմատիկ աշխատելու, պարբերաբար այս կամ այն հարցի վերաբերյալ հարցումներ անելու ու հստակ պատկերացում ունենալու մասին։ Վերոնշյալ փոփոխությունների հետևողական, համբերատար աշխատանքների պարագայում Հայաստանը ի վիճակի է և ապահովել սեփական անվտանգությունը և կայուն զարգացում ապահովել արդեն երկրի տնտեսության մեջ։ Ժամանակն է, որ մենք բոլորս գիտակցենք, որ մեր պետության բոլոր խնդիրները քաղաքական են։ Առողջ քաղաքականություն վարելու պարագայում հնարավոր է կարգի բերել բոլոր ոլորտներն անխտիր ու խուսափել հարցերը զենքի ուժով, բռնությամբ, անհանդուրժողականությամբ լուծելու տարբերակներից։ Հայաստանը վստահաբար պիտի շարժվի քաղաքական էվոլուցիայի ճանապարհով, իսկ հեղափոխությունը ընդունելի պիտի լինի միայն մի դեպքում, եթե այն մեր գլխում է։