Ինչպես գիտենք, երկու օր առաջ Սերժ Սարգսյանը ՀՀ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ հորդորեց ակտիվ աշխատել, լինել արդյունավետ, որովհետև եթե մինչ այս ամեն ինչ հանդուրժվել է, ապա այլևս նման բան չի լինելու, ու անձամբ ինքը որևէ մեկի կողմից միջնորդություններ այս կամ այն համայնքապետի համար չի լսելու։ Այսօր արդեն ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ վերջերս արած արտահայտությանը, վերջինս պատասխանեց, որ որևէ կերպ չի վերաբերվում, որովհետև նախ՝ մարդու ասածի մեջ չկա հանցակազմ, զրպարտանք, և երկրորդ՝ նրան ընտրել է հանրությունը, ուրեմն՝ թող տեսնի, թե ում է ընտրել։

Ինչպես տեսնում եք, երկու դեպքում էլ տեղի է ունենում մի բան, որը տրամաբանորեն պիտի տեղի չունենար, որովհետև քաղաքական ուժի առաջին հենարանը պիտի լինի հասարակությունը։ Հենց դրա համար է ընտրությունը, և առհասարակ, հասարակական հարաբերություններում ոչ միայն քաղաքական հարցերը, այլ ամեն ինչ կարգավորվում է համակրանք շահելու պայմանով։ Հիմա ինչո՞ւ են պառլամենտական ուժերը հրաժարվում իրենց համար կարևոր այս բաղադրիչից։ Խնդիրը մեկն է՝ մատնացույց անել, որ հասարակությունը տգետ է, անպատրաստ է ստանձնելու պատասխանատվություն իշխանություն ձևավորելու համար, հետևաբար միակ տարբերակը՝ ուշքի բերել հանրությանը՝ ոչ ավել, ոչ պակաս, մատնացույց անելով վերջինիս այն թերությունները, որոնք առավել ցավոտ են։ Եվ իսկապես, ի՞նչ կարող է լինել ավելի նվաստացուցիչ աղքատի համար, քան այն, երբ նրան պարբերաբար հիշեցնում են դրա մասին, ընդ որում՝ հիշեցնում է ոչ թե իր բախտակիցը, այլ հարուստը․ մենք վերևն ենք, դուք՝ ներքևը, մոռացե՞լ եք մեր մասին։ Ստեղծված իրավիճակում հանրությունը կա՛մ պետք է գազազի ու ավելի խորը ատի իշխանություններին, կա՛մ պետք է լծվի գործի ու վերջ տա ձրիակերությանը։ Երևի թե մեկ տարի հետո մենք կհասկանանք, թե այս ամենի արդյունքում ինչ է ստացվել։