ԱԺ մամլո խոսնակը երեկ մի հուզիչ ստատուս էր գրել, որն անխնա տարածում են ցանցերով։ Ստատուսի ասելիքն այն էր, որ, տեսեք-տեսեք, Բաբլոյանը նենց համեստ ու բարի մուժիկ է, որ ինքնաթիռ նստելիս սովորական մարդու պես է անձնագրային ստուգում անցել, հերթ է կանգնել ու կարմիր գորգեր չեն փռել ինքնաթիռի դեմը։ Ավելին՝ այս լալահառաչ հիացմունք առաջացնելուն միտված երկտողում նշվում էր, որ Բաբլոյանն այն աստիճան բարի ու պարզ մուժիկ է, որ նրան կարելի է տեսնել խանութներում առևտուր անելիս, մեքենա վարելիս ու զբոսնելիս։

Հարգելի փիառշիկներ, հետո ի՞նչ։ Ասենք՝ ըստ Ձեզ՝ պետք է հիմա ազգովի Բաբլոյանի ճակատը պաչե՞նք, որ ինքը նորմալ մարդու պես է իրեն պահում։ Նորմալ լինելը գովասանքի արժանի բան չէ, դա ՆՈՐՄԱԼ Է։ Բայց լավ վիզ չէիք դրել։ Որ ավելի շատ ընդգծեիք, թե ինչ լավ ու բարի մուժիկ է Բաբլոյանը, որ մի թիքա երկրի ԱԺ նախագահ լինելով՝ իրեն թույլ չի տալիս Կատարի էմիրին հարիր շռայլություններ, պետք է նաև նշեիք, որ ինքն այնքան պարզ ու հասարակ մարդ է, որ չի պահանջում, որ ամեն ամիս իրեն հատկացնեն 40 կույս աղջիկների, պերերիվին սև ձկնկիթ չի պատվիրում ու հետո շփում այն պատերին։ Ասեմ ավելին՝ կարող էիք հատուկ շեշտել, որ նա շատ լավն է, որովհետև չի թալանում բյուջեն, չէ՞ որ կարող էր։

Իսկ եթե լուրջ, պարոնա՛յք պիառշիկներ, դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչքան հետույքային է պետական համակարգի վիճակը, որ էական բան չգտնելով գովալու համար սկսում եք նորմալը ներկայացնել որպես երևելի եսիմ ինչ մի ձեռքբերում։ Բաբլոյանի հետ խնդիր չունեմ բացարձակ, որ նորմալ մարդ է, նորմալ է։ Այսինքն՝ ոչ գովասանքի է արժանի դրա համար, ոչ էլ՝ քննադատության։ Գովասանքի արժանի կլինի, եթե նորմայից դուրս գտնվող ու պոզիտիվ տիրույթում գործեր անի, ոչ թե ինքնաթիռ նստելիս արարողակարգից հրաժարվի, փող չգողանա, խանութից առևտուր անի ու 40 կույս չպահանջի։