Լրագրողներից մեկի հարցին, թե կլավանա երկրի վիճակը, իշխող խմբակցության այդ պատգամավորն ասում է, թե չի վատանալու՝ խուսափելով լավանալու հետ կապված որևէ բան ասելուց: Եվ սա կոչվում է քաղաքական էլիտա՞, այսքան վախվորած, ընկճված, կցկտուր, նույնիսկ լավատեսության բառեր արտաբերելու անկարող:

Իհարկե, դա նրանից է, որ չկա նպատակ, կամք, նրանք անվճռական են, ավելի ստույգ, ի վիճակի չեն: Նրանք հոգնել են ու քարացել. չեն կարողանում ո՛չ պետական կառավարում կամ մենեջմենթ իրականացնել, քանի որ հոգնությունը թույլ չի տալիս, ո՛չ էլ ղեկավարել, քանի որ քարացած վիճակով չկա ղեկավարում: Բնական է, որ այդպիսի էլիտան հակադարձ համեմատական է քաղաքական զարգացման հետ:

Վերջին օրերի նրանց հայտարարություններն այս ամենի ինքնախոստովանությունն էին: Արդեն հասկացել են, որ ռեֆորմիստի դրոշով հանրությանը ներկայանալով «լիդեր-դրոշակակիր» չեն դառնում, ում կարող են վստահել, և ով կարող է այդ վստահությունը վերածել քաղաքական-տնտեսական զարգացման: Նրանք հասկացան, որ այդ pax-reform-ի միֆն իր ուժը կորցրել է, այն ավարտված է, և այլևս անհնար է ինչ-որ իրավիճակ ստեղծելու կամ միֆեր հյուսելու միջոցով որևէ հավատ կամ վստահություն կորզել. դա վերջին ռեզերվն էր: Ահա, թե ինչու սկսեցին բաց տեքստով, անկեղծ, նույնիսկ շատ անկեղծ խոստովանել, որ դրությունը վատ է, և չեն կարող այն փոխել:

Իսկ ամենասարսափելին այն կլինի, որ այդ վիճակը կհամարվի նորմալ, ընդհանրապես էլիտայի անգործությունը, անպատասխանատու վարքը կդառնա քաղաքական նորմ (եթե դեռ չի դարձել), որը փոխելու համար կպահանջվեն երկար ու ծանր տարիներ: