Բելառուսում ՀԱՊԿ գագաթնաժողովում վերջնական արձանագրություններից կարող ենք այս տարին վերջնականապես համարել Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումների տարի։ Փաստացի, երկու աշխարհաբևեռների դիմակայության պայմաններում Հայաստանը կարողացավ ոչ միայն բալանս պահպանել, այլև այդ հարաբերություններին նոր տեմպ հաղորդել։

 

Նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց քաղաքական շրջանակային համաձայնագիրը, իսկ երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովում, որը տեղի էր ունենում Մինսկում, միության անդամ երկրները հաստատեցին ԼՂՀ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբին սատարելու որոշման մասին։ Սա հատկապես կարևոր էր նրանով, որ Ադրբեջանի երկու եղբայր պետությունները՝ Ղազախստանն ու Բելառուսը, նույնպես իրենց համաձայնությունը տվեցին այս փաստաթղթին։

 

Եվ դա իսկապես կարելի է համարել ձեռքբերում, որովհետև մեկ անգամ չէ, որ այդ պետությունները երկրի թիվ մեկ դեմքերի շուրթերով հայտարարել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սատարելու վերաբերյալ։ Անխոս, Եվրամիության հետ քաղաքական համաձայնագրի ստորագրումն այսօրվա դրությամբ Հայաստանի կշիռն էականորեն բարձրացել է, ու թե՛ միջազգային, թե՛ ռուսական լրատվամիջոցներում Հայաստանը դարձել է քննարկվող գլխավոր թեմաներից մեկը։

 

Վերջին տասը տարիների ընթացքում սա երևի թե ամենաէական ձեռքբերումն է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Հայ-թուրքական արձանագրություններից, ավելի ճիշտ՝ դրա ստորագրման ձախողումից հետո, Հայաստանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր 2015 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ, երբ Հայաստան էին ժամանել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի ու Սերբիայի նախագահները։ Եվ այժմ, երբ ավարտվում է 2017 թվականը, վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանը 2018 թվական է մտնում միջազգային մակարդակում իր վարկանիշն էականորեն բարձրացրած կարգավիճակում։