«Ելք» խմբակցության պատգամավոր Է.Մարուքյանը նշեց, որ Հայաստանի զարգացման համար պետք է զարգացնել քաղաքական համակարգը, Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը կզարգանա, կզարգանան զինված ուժերը և մեր երկրի անվտանգության խնդիրը կլուծվի (armtimes.com):

 

Նիկոլ Փաշինյանի և ընդհանրապես «Ելք»-ի նկատմամբ խիստ դրական վերաբերմունքով հանդերձ փորձեմ կատարել «սխալների ուղղում»: 1-ն սխալ դրույթ՝ «Հայաստանի զարգացման համար պետք է զարգացնել քաղաքական համակարգը». երկրի զարգացման հիմքը տնտեսության առաջընթացն է, իսկ դրա հիման վրա՝ մշակույթի զարգացումը, որը բերում է մարդկանց մտածողության փոխությանը և արդյունքում զարգանում է քաղական համակարգը: Հակառակ տարբերակն ուղղակի չի աշխատում՝ առավելապես դրսևորվելով որպես իմիտացիա, ինչն այսօր առկա է մեր երկրում: 2-դ սխալ դրույթ՝ «Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը կզարգանա». Հայաստանը ընդամենը 3 տարի է ԵԱՏՄ-ում, իսկ մինչ այդ նա կարծես թե զարգացման երկարատև բում չի ապրել, եթե վերանանք ռուսական «կեղտոտ փողերի» շնորհիվ կյանքի կոչված կարճատև առաջընթացից: Երկարատև առաջընթացի համար անհրաժեշտ են ներքին կարգավորումներ և ոչ թե այս կամ այն տնտեսական կառույցի անդամակցություն: 3-դ սխալ դրույթ՝ «... կզարգանան զինված ուժերը և մեր երկրի անվտանգության խնդիրը կլուծվի»:

 

Երկրի զինված ուժերի զարգացման համար կրկին անհրաժեշտ են ներքին կարգավորումներ և համեմատաբար էժան և որակյալ զենք, ինչի հնարավորությունը տալիս է ՌԴ-ի հետ համագործակցությունը, և դեռևս հենց ռուսական զենքի ուժով է հիմնականում լուծվում երկրի անվտանգության խնդիրը, քանի որ «անգլիական նավերը Հայաստանի լեռները բաևձրանալ չեն կարող», իսկ ֆրանսիական զինվորները կարող են ընդամենը փրկել Մուսա լեռան լանջերին 40 օր ապաստանած բազմությանը: Ասվածը չի նշանակում, թե ԵԱՏՄ-ն մեր երազանքների հանգրվանն է, սակայն այսօր այդ կառուցը այն է, ինչ համապատասխանում է մեր ժողովրդի մտածողությանն ու մեր երկրի այսօրվա կարգավիճակին: Եթե ժամանակի ընթացքում մեզ հաջողվի փոխել այն գործոնները, որոնց հիման վրա մենք հայտնվել ենք այդտեղ, ապա կփոխվի նաև մեր երկրի ուղղվածությունը, և այն տեղի կունենա ոչ թե կոչերի, այլ համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: