Ըստ արաբական սոցիալական ցանցերի՝ օրերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի խումբ չեչեն զինյալներ դիվերսիոն հարձակում են իրականացրել Սիրիայի Դեյր Զոր քաղաքի ռազմական օդանավակայանում:

 


Ռուսախոս գրոհայինները ՌԴ ԶՈւ հանդերձանքով, պայթուցիկով բեռնված ավտոմեքենայով, անցնելով սիրիական կառավարական ուժերի կողմից վերահսկվող մի քանի հսկիչ անցակետեր, հասել են Դեյր Զորի ռազմական օդանավակայան, կրակ բացել այնտեղ գտնվող զինվորականների և տեխնիկայի վրա, ապա մեքենան ուղղել օդանավակայանի շտաբի ուղղությամբ, մինչդեռ այն պայթեցվել է՝ չհասած թիրախին: Հարձակման հետևանքով սպանվել են 19 մարդ, այդ թվում' բարձրաստիճան սպաներ և ռուսերենի թարգմանիչ:
Չեչեն զինյալները կարողացել են մոլորեցնել սիրիացի զինծառայողներին՝ ներկայանալով որպես ռուս մասնագետներ, ովքեր պետք է հանդիպեն օդանավակայանի հրամանատարության հետ և զննեն ռազմական օբյեկտը:

 


Սոցիալական ցանցերում բուռն քննադատւթյուն է տեղացել սիրիացի ԶՈւ-երի հասցեին, որոնց ներկայացուցիչները առանց հավելյալ ստուգման զինյալներին ազատ տեղաշարժի իրավունք են տրամադրել միայն այն հիմնավորմամբ, որ նրանք խոսում են ռուսերեն: