Պարապ ու նախանձ բլոգ

«Առաջին տաղավար»-ի թողարկումն էի նայում նորաձևության մասին, ու եթե սկզբում թվում էր, որ ալիքը փոխելու եմ, քանի որ ձանձրալի թեմա է լինելու, ապա հաղորդման վերջում ցանկանում էի հնարավորինս զսպել ինձ, որպեսզի հեռուստացույցը չկոտրեմ։ Պատճառն էլ Ագա Քանքանյանն էր, ով, ինչպես ինքն է իրեն ներկայացնում, վիզաժիստ էլ չէ, այլ «սծիլիստ» է։
 
Մի քանի օրինակ Ագայի բառապաշարից, որով նա հանդես էր գալիս Հանրայինում՝ մԻտոՁիկա, քոնթուրինգ, ատ-կուԾյուրյե վիզաժիստ, կլիենտ, Ձիզբալանս․․․ Ու այս քաղքենիությունը դեռ ողջ խնդիրը չէ, այս բառապաշարն ու մնացած բառերն արտաբերվում էին սխալ շեշտադրումներով ու այնպես ձգելով, որ ակամա ասոցիատիվ կապ էր ստեղծվում մեկ այլ մասնագիտության ներկայացուցիչների հետ, որոնք ևս բառերն այդքան երկարացնում ու աղավաղում են և հատկապես շատ են օգտագործում «կլիենտ» բառը։ Սակայն ամենից շատ ինձ զարմացրեց, իսկ հետո զայրացրեց այն քամահրանքը, որով Ագա Քանքանյանն արտահայտվում էր պլաստիկ ու կոսմետիկ վիրաբուժական միջամտությունների չդիմած մարդկանց մասին։ Նրա ասածից ստացվում էր, որ ով չի գնում, շրթունքները վերածում բազմացման շրջանում գտնվող մակակայի հետույք հիշեցնող գոյացության, հետամնաց է, տգեղ, անշրթունք, մազոտ ու անխնամ և, առհասարակ, «անԾիտռենդ» է։

Հա՛, Քանքանյանն այս փառահեղ մտքերն ի լուր աշխարհի հայտնելիս չխորշեց նաև սուտ խոսելուց՝ հայտարարելով, որ ինքը երբեք ոչ մի բան չի արել, ու իր մոտ ամեն ինչ բնական է, բայց վերջում, երևի նկատելով ներկաների քմծիծաղները, հիշեց, որ իր շրթունքներն էլ այնքան առաջ տված են, որ կադաստրի հատուկ թույլտվություն է երևի պահանջվել, ասաց, որ, այնուամենայնիվ, «մի քիչ շրթունքներս եմ արել»։ Կոսմետիկ ու պլաստիկ վիրաբուժության մեջ ոչ մի դատապարտելի բան չկա, եթե դա արվում է չափի մեջ ու ճաշակով։ Անգամ եթե չափի ու ճաշակի հարցը ոտնահարվում է, ապա, միևնույն է, դա ոչ թե կոսմետիկայի ու պլաստիկայի խնդիրն է, այլ այն մարդկանց, ովքեր չարաշահում են, և այն մարդկանց, ովքեր մղում են ուրիշներին, որպեսզի չարաշահեն՝ ֆետիշիզմի աստիճանի հասցնելով նման ծառայությունների ընկալումը և պիտակավորելով դրանցից չօգտվող մարդկանց, ինչպես Ագա Քանքանյանն արեց։
 
Մի բանում վստահ եմ՝ ավելի լավ է մարդը երբեք սիլիկոնապատ շրթունքներ չունենա, քան այնքան սիլիկոն լցնի մարմնի տարբեր մասերի մեջ, որ վերջը դա սկսի մտավոր ունակությունների վրա անդրադառնալ։ Սիլիկոնե ուղեղը լավ բան չէ ոչ մեկի համար, սիրելի՛ Ագա Քանքանյան։