Երբ Հիսուսը վերադարձավ Գալիլեա, ժողովուրդը դիմավորեց նրան, քանի որ բոլորն էլ նրան էին սպասում։ Եվ ահա Հայրոս անունով մի մարդ, որ ժողովրդապետ էր, ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և աղաչում էր նրան, որ իր տուն գա, որովհետև իր միակ աղջիկը, որ տասներկու տարեկան էր, մահամերձ էր։


Եվ մինչ Հիսուսը գնում էր այնտեղ, ժողովուրդը չորս կողմից նեղում էր նրան։ Մի կին, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից և չնայած որ իր ամբողջ ունեցածը բժիշկների վրա էր ծախսել, ու ոչ մեկը չէր կարողացել բժշկել նրան, հետևից մոտեցավ և դիպավ Հիսուսի զգեստի քղանցքին։ Նույն վայրկյանին արյունահոսությունը դադարեց։ Հիսուսը հարցրեց. -Ո՞վ դիպավ ինձ։
Բոլորն էլ ուրանում էին։ Պետրոսն ու նրա հետ եղողներն ասացին.
-Վարդապե՛տ, ժողովուրդը չորս կողմից հրում-հրմշտում է քեզ, իսկ դու ասում ես՝«Ո՞վ դիպավ ինձ»։


Հիսուսն ասաց.
-Մեկը դիպավ ինձ, որովհետև զգացի, որ ինձնից մի զորություն դուրս եկավ։
Երբ կինը տեսավ, որ չի կարող եղածը Հիսուսից պահել, դողալով եկավ ընկավ նրա ոտքերի առաջ և ամբողջ ժողովրդի առջև ասաց, թե ինչի՛ համար է դիպել նրան և թե ինչպե՛ս է իսկույն բժշկվել։ Հիսուսն ասաց նրան.


-Աղջի՛կս, քաջալերվի՛ր, քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ։
(Ղուկասի ավետարան 8:40-48)
Այո՛, դուք փրկվեցիք Աստծու շնորհով, քանի որ հավատացիք: Փրկությունը ձեր արժանիքը չէ, այլ պարգևն է Աստծու: Ձեր գործերով չէ ձեռք բերված այն, որպեսզի ոչ ոք չպարծենա: Մենք Աստծու նոր ստեղծագործությունն ենք, քանի որ միացած ենք Հիսուս Քրիստոսին. ստեղծված ենք կատարելու այն բարի գործերը, որոնց համար Աստված սկզբից պատրաստեց մեզ, որպեսզի դրանցով լցնենք մեր կյանքը…


Հետևաբար, դուք այլևս օտար և խորթ չեք Աստծու համար, այլ Աստծու ժողովրդի հետ համաքաղաքացիներ եք և Աստծու ընտանիքի հարազատ անդամները: Դուք մասերն եք այն մեծ կառույցի, որի հիմքը առաքյալներն ու մարգարեներն են, և որի անկյունաքարն է ինքը՝ Հիսուս Քրիստոս: Նրանով է, որ ամբողջ կառույցը ներդաշնակ միասնությամբ աճում ու դառնում է Տիրոջ սեփական սուրբ տաճարը: Նրան միացած՝ դուք էլ բոլորի հետ միասին դառնում եք Աստծու բնակարան՝ Սուրբ Հոգու միջոցով:


(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 2:8-10,19-22)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան