Սահման, մարտական դիրք պահելն ինչ որ վերացական կամ ուրիշի համար արվող գործողություն չէ: Երբեմն լսում ես նման արտահայտություններ. «Ու՞մ համար գնամ ծառայեմ», «ինչու՞ պարտադիր ես էլ պետք է ծառայեմ», «ծառայելու փոխարեն այլ հարցերում կարող եմ օգտակար լինել» և այլն: Ասեմ. քո՛ համար, ընտանիքի՛դ համար, քեզ համար թանկ անձանց համար: Մի պահ մոռանանք «մեծ-մեծ» հայրենասիրական ու սրբազան՝ Ազգ, Հայրենիք և այլ հասկացություններն անգամ:

 

Վստահեցնում եմ, որ Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի կամ այլ մեծահարուստի կարողությունները պաշտպանելու համար չենք ծառայում: Աստված չտա, որ այնպիսի խնդիր լինի, որ սկսենք ամեն ինչ կորցնել: Այդ ժամանակ բոլորից առաջ կարող են երկրից հեռանալ հենց «ամենաապահովները»: Իսկ մենք մնալու ենք՝ մեր հարազատ ու թանկ շատ անձանցով: Ու պահելու ենք մեր տան դուռը: Բայց պաշտպանության ենթակա մեր տան դուռն այն չէ, ինչ գիտենք: Մեր տան դուռն այն մարտական հենակետն ու դիրքն է, որը վստահված է մեզ: Սա վերացական խոսք չէ: Կարո՞ղ եք ասել, թե որտեղ ցեղասպան այս թշնամին կանգ կառնի, եթե չկանխենք նրա առաջընթացը: Մտածելու բան չկա, չէ՞: Որովհետև ամենքս էլ հասկանում ենք, որ նա մինչև մեզնից յուրաքանչյուրի օջախների դուռ հասնելու է: Իսկ երբ հասավ՝ հաստատ անպտուղ պայքար է դառնալու ամեն ինչ ... ու հետևանքները հստակ հասկանում եք ...

 


Հետևաբար, երբ սահմանագծում կասեցվում ու ետ է շպրտվում թշնամին՝ դա հենց այն կետն է, որտեղ անմիջական մեր տան դուռն ենք պաշտպանում, մեր ծնողներին, կանանց, զավակներին ու մյուս հոգեհարազատ անձանց: Ու ամոթ է, երբ մարդ խուսափում է ինքը պաշտպանել իր մերձավորներին՝ հույսը դնելով, որ ուրիշն իր փոխարեն դա պետք է անի ...
Հենց այդպես է պետք գնահատել ու վերաբերվել զինվորական ծառայությանը: Դա բնականոն գործընթաց է, որն անգամ քննելի չէ: Եվ դա արվում է սերունդների համերաշխությամբ: Երեկ դա մենք էինք իրականացնում, այսօր՝ դու, վաղը՝ մեր զավակներն ու թոռները: Չկա անկարևոր անձ՝ պաշտպանության գործում: Չկա անկարևոր տարածք՝ մեր հայրենի պետությունում: Յուրաքանչյուր անձի բացակայությունը թուլացնում է պաշտպանությունը, յուրաքանչյուր կորուսյալ տարածք թշնամուն ավելի է մոտեցնում մեր օջախներին: Սա՛ է իրականությունը:
Հիշեցի հայրենապաշտ մեծ զորավար Գարեգին Նժդեհի խրատականներից մեկը.
«Հրեական մի զորավար, նահանջելով հռոմեական լեգեոնների առջև՝ խոր դժգոհության առիթ է տալիս իր բանակին:

 


Զինվորների հարցումին՝ «Ինչու՞ չի դիմադրում», նա պատասխանում է, թե իրեն ազատ չի համարում՝ աննշան վայրի համար թափելու այն արյունը, որ պահել է Սողոմոնի տաճարի պաշտպանության համար:
Եվ, կրնկակոխ՝ շարունակվում է նահանջը: Զորավարը, սակայն, կանգ չառավ նաև Սիոնի պատերի տակ,- ասում է պատմությունը: Եվ՝ Տիտոսի լեգեոնները կործանեցին Երուսաղեմը:
Ո՛չ, ո՛չ, զորավա՛ր, դու սոփեստում էիր՝ սրբություն կեղծելով: Դու մեռնել չէիր ուզում. դու երկչոտ էիր, որով և՝ անազնիվ:

 


Կարևորագույն վայրերի պաշտպանությունը ապահովում են նվազ կարևորների համառ պաշտպանութեյամբ միայն: Այսպե՛ս, և ոչ այլ կերպ:
Ըստ իր կարևորության' «տաճար» է ամեն դիրք, և իբրև այդպիսին՝ պիտի պաշտպանել դա: Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռվադաշտում: Այնտեղ կարևոր է, նշանակալից՝ ամեն ինչ: Եվ, եթե կա աննշան մի բան, դա էլ հենց մարդկային արյունն է, անգամ զորավարի արյունը»: