Երբ ցանկանում ես ինչ-որ հիվանդություն բուժել, որևէ խնդիր վերացնել, նախ պետք է գտնես դրա պատճառը:

Ոմանք արտագաղթը դիտարկում են որպես «գաղջ մթնոլորտի» արտահայտում, և հայտարարում, որ դրա դեմ պայքարելն անիմաստ է... Այսինքն, արտագաղթի պատճառը միայն մարդկանց մտածելակերպն է: Եթե մարդը որոշել է արտագաղթել, ապա դա ի՛ր ընտրությունն է, ի՛ր խնդիրը, ոչ թե՝ իշխանության...

Բայց չէ՞ որ չի կարող պատրաստի մասնագետի, հարկատուի կորուստը խնդիր չդառնալ պետության համար: Բոլորն էլ արտագաղթում են ավելի լավ կյանքի ակնկալիքով:

Կարող եմ առնվազն մի քանի պատճառ («ամենապրիմիտիվներից» մինչև «ամենագլոբալ») բերել, որոնք հիմք են հանդիսանում, որ մարդիկ արտագաղթեն կամ վերջնականապես որոշեն արտագաղթել: Օրինակ, հայտարարում են, որ ժ. 22:00-ից հետո հրավառություն արգելվում է կազմակերպել, մինչդեռ գրեթե գիշեր չի լինում, որ հրավառություն չլինի (մանավանդ երբ հրավառություն կազմակերպում են «որձ» զավակ ունենալուց հետո՝ հենց ծննդատան բակում...): 
Հայտարարում են, որ բոլորը պետք է ծառայեն բանակում և այս կամ այն զորամասում հայտնվելը որոշվում է փակ վիճակահանությամբ, բայց, չգիտես ինչպես, պաշտոնյայի ու մեծահարուստի տղան այդպես էլ չի ծառայում կամ էլ չի հայտնվում դիրքերում: Բայց պարզ է, չէ՞, որ ոչ ոք չի ուզում որդի կորցնել կամ հաշմանդամ որդի ունենալ...
Հայտարարում են, որ բժիշկն ու ուսուցիչը պետք է լավ գիտելիքներ ունենա, անընդհատ վերապատրաստվի, բայց այդ մասնագետներին տալիս են չնչին աշխատավարձ... Ինչպե՞ս այդ աշխատավարձով տուն պահեն ու դեռ պարբերաբար էլ գրքեր գնեն կամ անգլերեն սովորեն, որպեսզի գնան ու նորմալ երկրներում վերապատրաստվեն կամ նորմալ գիտաժողովների մասնակցեն:
Եվ նման անարդարությունների ու օրինախախտումների մի ամբողջ շարան, ինքներդ էլ կարող եք օրինակներ բերել...

Ուստի, կցանկանայի իմանալ, կա՞ արդյոք որևէ արժանահավատ, անկախ հետազոտութուն, որն ուսումնասիրած լինի արտագաղթի հիմնախնդիրը, դրա պատճառներն ու նվազեցման հնարավորությունները:
Եթե մեզ ջայլամի տեղ դնենք ու փորձենք անտեսել արտագաղթի իրական պատճառները, ապա դրա դառը հետևանքները մի օր մեր դուռն էլ են թակելու... Արդեն թակում են...