Տարածաշրջանային մեկուսացումը, որն օրեցօր ավելի է չոքում Հայաստանի դռանը, գալիս են ապացուցելու, որ մեր երկրում շատ արագ կերպով անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ ու տնտեսական ազատություններ։ Ամենայն հավանականությամբ, հենց այս խնդիրն է առաջիկայում դառնալու Հայաստանի ղեկավարության ամենագլխավոր խնդիրը։

 

Երեք օր առաջ Բաքու-Թբիլիսի-Կարս, իսկ երեկ արդեն Թեհրանում տեղի ունեցած Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը գալիս է արձանագրելու, որ, մեծ հաշվով, գալիք տարում տարածաշրջանը գտնվելու է ակտիվ տնտեսական շփումների մեջ, ու այս պարագայում շահելու է նա, ով ավելի լավ հարաբերություններ կկառուցի իր գործընկերների հետ ու արդյունավետ կօգտագործի իր ռեսուրսները։ Հայաստանն օտարերկրյա ներդրողների համար այնքան էլ հաջող վայր չէ՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը, գոյություն ունեցող մարտահրավերներն ու խնդիրները։

 

Այս պարագայում Հայաստանին մնում է միայն զարգանալ արագացված տեմպերով ու միջազգային ներդրումների վրա կենտրոնանալ գլխավորապես այն ոլորտներում, որոնք իսկապես հեռանկար ունեն մեր երկրում։ Իզուր չէ, որ այսօր կայացած մամլո ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանն արձանագրեց, որ մոտակա երկու շաբաթների ընթացքում Հայաստանի ներդրողների ակումբը կհայտարարի Հայաստանում ներդրումների մասին։ Ենթադրվում է, որ դա կարվի այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին կլինի Մոսկվայում՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։