Կարծում եմ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը երեք մասի չբաժանենք՝ 1-ին, «2-րդ» և 3-րդի։


Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է 1918 թվականին և վե՛րջ։
1918թ-ի մայիսի 28-ին, վերականգնելով 1045 թ-ից կորցված պետականությունը, հիմք դրվեց անկախ պետության նոր մոդել՝ հանրապետությունը։ 1920 թ-ի դեկտեմբերի 2-ին այն չվերացավ, այլ բոլշևիկա-թուրքական սալի ու մուրճի ճնշմամբ, տեղի ունեցավ պարտադրված իշխանափոխություն, որի արդյունքում փոխվեց քաղաքական ղեկավարումը։ 1922-ի դեկտեմբերի 22-ին, առանց բռնության, ընդգրկվեց ձևավորվող ԽՍՀՄ կազմի մեջ՝ որպես միութենական հանրապետություն՝ իր զինանշանով, հիմնով ու ազգային-պետական լեզվով։ 1990 թ-ի մայիսի ընտրությամբ, Գերագույն Խորհուրդն արդեն բազմակուսակցական էր, կոմունիստները պարտվելով՝ դարձան քաղաքական փոքրամասնություն և 1990 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրով հիմք դրվեց ԽՍՀՄ-ից անջատվելու գործընթաց, այնուհետև 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին, հանրաքվեի արդյունքով՝ դուրս եկավ փլուզվող ԽՍՀՄ կազմից (ԽՍՀՄ-ն սկսել էր փլուզվել 1991 թ-ի ՊՈՒՏՉ-ից սկսած)։


Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունը 1918 թ-ի հիմնադրումից հետո երբեք չի վերացել, ուղղակի ունեցել է բոլշևիկակոմունիստական միասնական կենտրոնից (Մոսկվայից) կախվածության ժամանակաշրջան, թեկուզ և ձևական անկախ իր ատրիբուտներով):


Այն, ինչ ստեղծվեց և հիմնադրվեց 1918թվականին՝ ստացավ ծանր հարվածներ խորհրդային տարիներին, շատ բան պարալիզացվեց, բայց ապրեց: Չլիներ 1918թվականի պետականաստեղծումը՝ այսօր Հայաստան չէր լինի՝ որպես անկախ երկիր:


Իսկ անցած պատմական շրջանները կարելի է պայմանական կոչել.
1. Պետականության վերականգման (1918 թ-ի մայիսի 28-ից 1920 դեկտեմբերի 2),
2. Խորհրդայնացման (1920 թ-ի դեկտեմբերի 2-ից 1922 թ-ի դեկտեմբերի 30),
3. ԽՍՀՄ կազմի մեջ գտնվելու շրջան (1922 թ-ի դեկտեմբերի 30-ից 1991 թ-ի սեպտեմբերի 21)
4. Վերաանկախացման ( 1991 թ-ի սեպտեմբերի 21-ից առ այսօր):

Այնպես որ, 2018 թվականի մայիսի 28-ին լրանում է ՀՀ 100 ամյա՛կը։
Հազարամյակների կյա՛նք Իմ Պետությանը՝ հայության հետագա ֆիզիկական գոյության ՄԻԱ՛Կ ԵՐԱՇԽԱՎՈՐԻՆ: Հուսամ և ամեն ջանք գործադրենք, որ այն հայ մարդու համար դառնա արժանապատիվ կյանքով ապրելու ԶԱՐԳԱՑԱԾ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որ միջուկ հանդիսանա ապագա Ազատ Անկախ եվ Միացյալ Հայաստանի համար։