1979֊ին Իրանի բնակչությունը 25 միլիոն էր, հիմա' 78 միլիոն։ Աշխարհի ամենաերիտասարդ պետություններից մեկն է, որտեղ իսլամական հեղափոխության ճարտարապետները կարողացել են շուրջ մեկ միլիոն զոհերի գնով պետություն փրկել ԱՄՆ֊ի և սովետների կողմից աջակցվող իրաքյան ագրեսիայից' 38 տարվա մեջ բնակչության թիվը համարյա եռապատկելով, միջազգային կոշտ սոցիալ֊տնտեսական սանկցիաների տակ գտնվող երկրում մեկ շնչին ընկնող ՀՆԱ֊ն միջինացված հասցնելով 5300 դոլարի։ Իսկ իրանական սոցիալական արդարության համակարգին աշխարհի զարգացած հատվածի շատ պետություններ կնախանձեին:
Իրենք հիմա իրավունք ունեն պարծենալու, որ Հունաստան֊Հռոմից սկսած բոլորին հաղթել են, և այսօր Բեյրութից մինչև Քաբուլ առանց Իրանի հարց չի լուծվում։ Նախորդ 7000 տարիների ընթացքում ում հետ ասես հարցեր ու կոնֆլիկտներ են ունեցել, և բոլորին հաղթել են(բացի ռուսներից երևի թե): Ըստ էության' Իրանն այսօր Սասանյանների շրջանի ազդեցությունն ունի Եվրասիայում' ձգտելով Աքեմենյանների գերակայությանը...

 


Միգուցե շատերին տարօրինակ թվա, բայց իրանական ժողովրդագրական բումը կապված էր նրա հետ, որ այաթոլաները շահի շրջանում աշխարհիկացած կանանց շրջազգետները փոխեցին չադրաներով' կնոջ հիմնական գործառույթը սահմանելով երեխա բերելն ու ֆիրդուսյան ոգով դաստիարակելը: Միևնույն ժամանակ, Թեհրանում վարորդների մեծամասնությունը կանայք են: Ի դեպ, Չինաստանում էլ եկել են այն եզրակացության, որ դեմոգրաֆիական խնդիրը կարգավորելու միակ ճանապարհը կանանց էմանսիպացիան է: Փաստացի, չինացիներն այսօր փորձում են անել իրանցիների արածի ճիշտ հակառակը: Ինչպես ասում են' ամեն մարդ իր դարդին...

 


Անկյունաքարային հարց է նաև այն, որ իսլամական հեղափոխությունը տղամարդկանց հեղափոխություն չէր, դա իրանցիների խորքային պետականության ապստամբությունն էր, որի կրողը համավասարապես տղամարդիկ են և կանայք: Դա ազգային ծրագիր էր, որը հաջողությամբ իրականացնում են մինչև հիմա: Այսօրվա կյանքի բարիքներից հրաժարվելու, ծանր զրկանքների գնով հաջորդ սերունդների համար կենսունակ, մրցունակ և գերակայության ձգտող պետություն ու հասարակություն ստեղծել կարող է միայն 7000 տարի անընդմեջ պետականություն ունեցող ազգը, որը հասարակական հարաբերությունները կարգավորող միակ ինստիտուտի' պետության խորքային ընակալումն ու դրա արժեքը երևի թե գենետիկ կոդի է վերածել:

 


Մենք ի՞նչ ենք արել: Տեղի-անտեղի գլուխ ենք գովում, որ կանանց էմանսիպացիայի հարցը Հայաստանում վաղուց լուծված է, և ամեն ինչ անում ենք համակարգն ավելի կարգավորելու համար: Ի՞նչ արդյունք ունեք. ծնելիությունը 2.4-ից իջել է 1.6-ի: Եվ, թող ոչ մեկ ֆինանսական հիմնավորումներ չբերի. հնդիկներն ու ինդոնեզացիները մեզանից վատ են ապրում, իսկ մեզանից շատ ավելի լավ ապրող ժողովուրդներ կան, որ մեզանից շատ ավելի հետ են ծնելիությամբ: Երբ կառավարությունում էի աշխատում, մի քանի քննարկումների եմ մասնակցել, որոնց ընթացքում միջազգային լավագույն փորձագետները մեզ բացատրում էին, որ դեմոգրաֆիական խնդիրը ուղիղ կապված է ձեր ընտանեկան մոդելի և կանանց էմանսիպացիայի հետ: Ասում էին' դուք եվրոպական մոդելի ընտանիք ունեք, նույնը' վրացիների մոտ է, ռուսների, ուկրաինացիների, բելառուսների, անգամ ադրբեջանցիների ու ղազախների: Բացատրում էին, որ սոցիալ-ֆինանսական խթանումներով ծնելիության ավելացման լավագույն ծրագիրն ունեցել է Ռուսաստանը, բայց չի աշխատել, որովհետև ընտանիքի մոդելի և կանանց էմանսիպացիայի հետ է կապված խնդիրը, ոչ թե փողի:

 


Տարըմբռնումներից խուսափելու համար հատուկ շեշտում եմ. այս թեմայով ոչ մի բան չեմ առաջարկում և ոչ մի բան չեմ հիմնավորում ու երբեք չեմ մտածել, որ իմ կարծիքը վերին ատյանի ճշմարտությունն է: Ուղղակի չգիտեմ, անկեղծ չգիտեմ, չունեմ այդ հարցի պատասխանը. մենք ճի՞շտ ենք արել և անում, թե՞ ոչ...