Ձեզ թելադրում եմ հետևյալը. - Առաջնորդվեցե՛ք Սուրբ Հոգով, փոխանակ ձեր մարդկային ցանկությունները կատարելու, որովհետև մարդկային բնությունը Սուրբ Հոգու ցանկացածի հակառակն է ցանկանում, իսկ Սուրբ Հոգին՝ մարդկային բնության ցանկացածի հակառակը։ Սրանք միմյանց հակառակ են, և այդ է պատճառը, որ դուք չեք կարող ձեր ուզածը կատարել։ Արդ, եթե դուք առաջնորդվեք Սուրբ Հոգով, նշանակում է՝ այլևս ենթակա չեք Օրենքին։ Մարդկային գործերը հայտնի են, ինչպես՝ շնություն, պոռնկություն, անբարոյություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանումներ, չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն ու սրանց նման ուրիշ բաներ։ Եվ ես նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես նախապես էլ արել եմ, որ այսպիսի բաներ անողները չեն ժառանգելու Աստծու արքայությունը։ Իսկ Սուրբ Հոգու արդյունքներն են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ որևէ օրենք չկա։ Նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում, խաչի վրա մահացրին իրենց մարդկային կրքերն ու ցանկությունները։ Արդ, քանի որ այս նոր կյանքը Սուրբ Հոգով ենք ապրում, Սուրբ Հոգով էլ առաջնորդվենք։ Չլինենք սնապարծ, չգրգռենք իրար, չնախանձենք միմյանց։

(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 5:16-26)