Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի Ազգային ժողովն այն տեղը չէ, որ Կառավարությունն ինչ օրենք բերի, հալած յուղի պես ընդունեն, անցնի-գնա։ Ինչպես ասում են, հասել ենք, իջեք։ Պարոն Շարմազանովը նոր է հիշել, որ խորհրդարանն իսկապես այն մարմինը չէ, որ ամեն որոշում վավերացնի։ Այնպես ուզում ենք հարցնել պարոն Շարմազանովին, ձեզ՝ հարգելի ընթերցողներ, բերեք, մատնացույց արեք մի այնպիսի դեպք վերջին 15 տարում, որ Կառավարության առաջարկ է մերժել ԱԺ-ն։ Այս դեպքում, չզլանանք հիշեցնել, խոսքը գնում է ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի մասին օրինագծին, որը, ըստ էության, մերժելու է Կառավարությունը։ Ինչպես ասում են, Հայաստանում քաղաքական բում է հասունանում առ այն, որ օրենսդիր մարմինը միգուցե մերժի գործադիրի առաջարկած օրինագիծը։

Բայց չշեղվենք թեմայից ու ֆիքսենք, որ հերթական անգամ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն աչքի են ընկնում ցինիկ պահվածքով՝ հայտարարելով, թե օրինագծի շատ դրույթներ դեմ են ՀՀԿ գաղափարախոսությանն ու չեն համապատասխանում այն արժեհամակարգին, որոնք դավանում է կուսակցությունը։ Այս դեպքում գործ ունենք ունիկալ երևույթի հետ, որովհետև ՀՀԿ-ն ազգային գաղափարախոսության, հայկականության մասին միայն այսպիսի օրենքների շրջանակներում է հիշում, մինչդեռ երբ առավոտից իրիկուն արդեն 20 տարի այս կուսակցությունը զբաղված է Հայաստանի քաղաքական դաշտի ապականմամբ, կարծես թե հիշել ոչ մեկ չի ուզում։ Մենք պարոն Շարմազանովին ու յուր կուսակցությանը պարբերաբար կհիշեցնենք սրա մասին ու հեչ էլ չենք զլանա։ Թող չանհանգստանա։