Դեռ մինչև հիմա ՀՀ կառավարությունը բարեփոխումներ անելիս նշում է, որ վերահսկելու է, որպեսզի դրանք ծառայեն նպատակին: Ժամանակը չէ՞, որ արդեն դուրս գաք բարեփոխումների էդ ֆրագմենտար ու ռիսկային վիճակից և էդ ռիսկերը ծնող պատճառները վերացնեք:

 

Համակարգն է պետք բարեփոխել, ոչ թե ռիսկային համակարգում փորձել մաքուր ինստիտուտներ ներդնել, որոնք, վակուումի մեջ չեն գործում և, վաղ, թե ուշ, արտաքին միջավայրի ազդեցությունը կրելու են, ընդ որում՝ նման պայմաններում հենց վերահսկողական ինստիտուտները նույնպես դառնում են չափազանց ռիսկածին. պատկերավոր ասած՝ մեկը լինի վերահսկողներին վերահսկի:

 

Իհարկե, վերահսկել միշտ էլ պետք է, բայց ամեն անգամ նման հայտարարություններ անելիս արդեն ակնհայտ է դառնում, որ խորքային խնդիրները լուծված չեն, և ռեֆորմների ամենամեծ ռիսկերը շարունակում են մնալ կոռուպցիան, ատկատներն ու ոչ արդյունավետ մենեջմենթը: Ստացվում է նաև, որ կառավարությունն իր ներսում վստահություն չունի, որ իր իսկ բարեփոխումները նորմալ կընթանան: Իսկ բարեփոխումների հաջողության ամենաառաջնային նախապայմաններից մեկը ներքին և արտաքին (հանրային) վստահությունն է: