Վիգեն Սարգսյանն ԱԺ ամբիոնից փաստարկված (մի քիչ էլ Սերժ Սարգսյանի ասած՝ կոշտ) պատասխանեց քառօրյայի ընթացքում ձևավորված բանավեճին։ Ճիշտն ասած՝ Վիգեն Սարգսյանի նման ճկուն գործչից սպասելի էր նման պատասխան, առավել ևս՝ այն պարագայում, երբ օրինագծի նկատմամբ բերված հակափաստարկները շատ թույլ են։ Իրականում այս օրինագծին կարելի է դեմ լինել գաղափարական ուղղության առումով, մնացած մանր-մունր փաստարկները հեշտ հաղթահարելի են ցանկացած քիչ, թե շատ թրծված գործչի կողմից։


«Ազգ-բանակ» կոնցեպն ինքնին խիստ խոցելի է, բայց, երբ ասում ես, որ դրանից տուժելու է գիտությունը, մեղմ ասած, լուրջ չէ։ Գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողը բանակից հետո էլ կզբաղվի և չհաշված շատ չնչին բացառությունները (որոնց հղում անելով անլուրջ է բերված նախագիծը քաղաքականապես բացասական դարձնելը)՝ այս օրինագիծը չի սպառնում ՀՀ գիտական պոտենցյալին։ ՀՀ գիտական պոտենցյալին ավելի շատ սպառնում է կառավարության կողմից գիտության ֆինանսավորումը կրճատելու որոշումը, որն այդպես էլ քաղաքական լուրջ բանավեճի առիթ չհանդիսացավ, իսկ այս նախագիծն ավելի խորն արմատներ և վնասներ կարող է պարունակել զուտ «ազգ-բանակ» կառուցելու համատեքստում։
«Ազգ-բանակ» կոնցեպտին առանձին առիթով կանդրադառնամ, բայց հիմա պետք է արձանագրել, որ ԱԺ-ում ընդդիմությունը, ցավոք սրտի, պարտվում է բանավեճը՝ այն ի սկզբանե սխալ փաստարկների վրա կառուցելու պատճառով։

 


Հ.Գ. Գիտությունը մեր երկրում տուժում է ռադիկմարտիրոսյանների և նրանց ղեկավարած կառույցների պատճառով, իսկ նրանց կողմից տրված որակավորումները, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում։ Գիտությանը վնասում է բուհերում (հատկապես մայր բուհում) ռազմահայրենասիրական պաթոսի գերդոզավորումը, որի մասին ևս ոչ ոք չի խոսում։ Այ, գիտության մասին անհանգստանալիս կարելի է սկսել վերոգրյալ երևույթներից։ Ինչ վերաբերում է բանակ զորակոչվելուն, ապա պետք է արձանագրել, որ այս օրենքը ոչ միայն բանակի թվակազմի խնդիր չի լուծում, այլև, եթե նման խնդիր դրված լիներ, հաստատ այս օրենքով չէ, որ պետք է լուծվեր։

 


Հ.Գ.2 Այսօր այս օրենքի դեմ բողոքող ուսանողների մեծամասնությունն այս կամ այն կերպ հանդիսանում է բուհերում առկա «ռազմահայրենասիրական» գերդոզավորման կրողը, և հենց այդ պատճառով էլ անգամ նրանք չեն խոսում այս օրենքի բուն նպատակի մասին։ Այնպես որ, հերթական անգամ իշխանությունը մի քանի քայլ առաջ գտնվեց հակադիր բևեռում կանգնած բոլոր խմբերից։