ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո էլ շարունակելու է զբաղեցնել երկրի կառավարման առաջնային պաշտոններից մեկը, իսկ թե ինչ ձևաչափով, կերևա առաջիկայում: Ասել է, թե՝ արդեն բաց տեքստով հանրապետականները խոսում են Սարգսյանի կառավարման ևս մեկ շրջանի մասին: Դե ինչ, հարգելով Շարմազանովի անկեղծությունը (մի բան, որ հանրապետականների մեջ հաճախ չես հանդիպում)՝ արձանագրենք, որ այլևս աներկբա է այն հանգամանքը, որ Սարգսյանը գնում է կառավարման երրորդ շրջան:

 

Սահմանադրությունը նրա նախկին հայտարարությունները պարտակելու հրաշալի հնարավորություններ է տալիս. խոսքն, իհարկե, նոր սահմանդրության մասին է: Գործող նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ մի մարդը երկու անգամից ավել որևէ հավակնություն չպետք է ունենա պետության կառավարման գործում: Ավելին՝ իր կառավարման հազվագյուտ կայուն գործընթացը, որ գլուխ բերեց Սարգսյանը, հենց նախկին նախագահներին խաղից հանելն էր, որոնք մեկ անգամ չէ, որ քողարկված կամ բաց տեքստով հայտարարել են, որ դեմ չեն նորից իշխանության գալուն։

 

Թվում էր՝ Սարգսյանը նույնը կանի նաև իր հանդեպ, սակայն արի ու տես, որ իրեն չէր ներառել այդ ցուցակում: Անշուշտ, Շարմազանովը դեռ երկար կարող է ասել, որ նոր սահմանադրությամբ երկիրը կառավարելու համար մեկ հոգին բավական չէ, շեշտը դրվելու է այն կուսակցության կամ կուսակցությունների վրա, որոնք ստացել են ընտրողների մեծամասնության քվեն: Տվյալ դեպքում դա ՀՀԿ-ն է, որը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, հետևաբար ՀՀԿ-ն ում ուզի, կարող է առաջադրել վարչապետի պաշտոնում: Խոսվում է այն մասին, որ նոր վարչապետի լիազորությունները շատ ավելին են լինելու, փաստացի՝ նա մասնակցելու է նաև երկրի արտաքին քաղաքական որոշումներին՝ մի բան, որ տվյալ դեպքում դժվար է պատկերացնել առանց Սերժ Սարգսյանի:

 

Կարեն Կարապետյանը երիցս հայտարարել է, որ քաղաքական գործիչ չէ, որ դժվար նման բեռի տակ մտնի. չի բացառվում՝ բավարարվի փոխվարչապետի պաշտոնով: Դե, ինչ մնում է Սարգսյանին, ապա վերջինս վարչապետությունը հռչակելուց հետո կարող է հանգիստ շունչ քաշել, որովհետև դա, ըստ էության, դեռևս միակ հարցն է, որի պատասխանը հասարակությունը ներկայացնող հատվածները դեռ չեն ստացել: