«Հայաստանի Փոքրիկ Երգիչները» հաջողությամբ մասնակցեցին Իսրայելի ամենահայտնի Աբու-Գոշ վոկալ-երգչախմբային փառատոնին։
Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբը Իսրայել էր մեկնել Իսրայելի Արտաքին գործերի նախարարության, Իսրայելական Երգչախմբային Ֆեդերացիայի, Աբու-Գոշ հեղինակավոր միջազգային փառատոնի հրավերով։
Համերգային շրջագայությունը նվիրված էր հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին։ Երգչախումբը համերգներով հանդես եկավ Իսրայելի մի շարք քաղաքներում՝ Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշ։
Արդեն մոտ 30 տարուց ավել Աբու-Գոշ փառատոնն անց է կացվում իսրայելական գեղատեսիլ վայրում գտնվող Աբու-Գոշ գյուղի եկեղեցում։ Երաժշտական յուրօրինակ մի տոնախմբություն, որը վայելելու համար շատ երաժշտասերներ կտրում են հարյուրավոր կիլոմետրեր։
Մասնակից երգչախմբերը, վոկալ անսամբլներն ու մենակատարները կազմակերպիչների կողմից ընտրվում են գերագույն բծախնդրությամբ։ Հրավեր է ուղարկվում միայն աշխարհում իսկապես հեղինակություն վայելող և բարձր գեղարվեստական որակ ունեցող արտիստներին։ Այս տարի մասնակիցների շարքում էր նաև հանրահայտ Շտուտգարդի երգչախումբը։ Հայտնի է, որ մինչև «Հայաստանի Փոքրիկ Երգիչները»՝ այս փառատոնին մասնակցության հրավեր որևէ մանկական երգչախումբ չի ստացել։ Այնքան մեծ էր մեր երգչախմբի համբավն Իսրայելում, որ երգչախմբի ժամանումից ամիսներ առաջ իսրայելական լրատվամիջոցներն ու կայքերն արդեն գրում էին այն մասին, որ Տիգրան Հեքեքյանի՝ աշխարհում հայտնի մանկական երգչախումբը պիտի լինի փառատոնին մասնակցող խմբերի շարքում։
«Հայաստանի Փոքրիկ Երգիչների» ելույթը տեղի ունեցավ լեփ-լեցուն տաճարում։ Ունկնդիրը բարձրակարգ էր՝ գիտակ, պատրաստված, բծախնդիր։ Հայ հոգևոր, արտասահմանյան դասական, ժամանակակից կոմպոզիտորների լավագույն երկերը, որ հայ երեխաներն ինչպես միշտ կատարում էին անթերի մշակված, զգացմունքային ու վարպետ մոտեցմամբ, միևնույն ժամանակ Տիգրան Հեքեքյանի կողմից հմտորեն դասավորված էին դրամատուրգիապես մտածված, կուռ հաջորդականությամբ։ Սրա շնորհիվ է, որ մաեստրո Հեքեքյանի յուրաքանչյուր համերգ վերածվում է առանձին ավարտուն երաժշտական գլուխգործոցներից կազմված մեկ մեծ ու բազմաժանր երկի, որն ունի սկիզբ, զարգացում, գագաթնակետ և ավարտ։ Արվեստի խորանին մատուցվող այս «պատարագից» հետո սովորաբար ունկնդիրն ունենում է թե՛ «հագեցածության», բավարարվածության, թե՛ էլի ու էլի վերերկրյա հնչյունները վայելելու ցանկություն։
Աբու-Գոշի հանդիսատեսը բացառություն չէր։ Ունկնդրի արձագանքն իրոք բուռն էր․ «Չտեսնված է, արտակարգ, մոգական, աննախադեպ․․․․» ։
Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռաֆայել Գամզուն իր խոսքում նշեց, որ Իսրայելի լավագույն երգչախմբերից շատերը չեն կարողանում եբրայերեն երգերն այնպիսի անթերի առոգանությամբ ու հստակ հնչյունարտաբերմամբ կատարել, ինչպես «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը։ «Խոսքեր չեմ գտնում։ Սա անբացատրելի է։ Անհնար է հավատալ այն ամենին, ինչ ես այսօր լսեցի։ Հիանալի, աստվածային է»։
Համերգին ներկա էին նաև Երուսաղեմի երաժշտական կրթության գլխավոր տեսուչ՝ Բեզալել Կուպերվասսերը, Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի խմբավարական ֆակուլտետի ղեկավար՝պրոֆեսոր Սթենլի Սփերբերը, Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի վոկալ ֆակուլտետի ղեկավար՝ Անատ Էֆրատին, որոնք ուղղակի այլ բառեր չէին գտնելու ասելու, քան հիանալի է, անթերի և երկնային...
Մեր մշակույթի դեսպանները, մեր արվեստի, ազգային կերպի կրողներն ու, ինչպես բեմից ասաց ճանաչված խմբավար Մայա Շավիթը, «Հայաստանի ապագան»՝ մեր «Հայաստանի Փոքրիկ Երգիչները» նորից մի փոքրիկ ժամանակահատվածում կատարեցին տիտանական աշխատանք Հայաստանի դիվանագիտության, ազգաճանաչողության և մշակութային քաղաքականության գործում։
Կատարեցին և վերադարձան՝ շարունակելու այն ուղին ու գործունեությունը, որն իրենց համար ապրելակերպ է, իսկ մեր պետության համար՝ ազգային արժեք։