Քաղաքականության անկանկալները: Ուղիղ մեկ տարի առաջ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Թուրքիային խորապես մտահոգում է շիական «Հաշդի Շաբի» խմբավորման հնարավոր մասնակցությունը Մոսուլի ազատագրման գործողությանը: Նա բառացիորեն ասել էր.

 


«Մտահոգիչ է, որ «Հաշդի Շաբին» կարող է Մոսուլի ազատագրման գործողության մի մասը դառնալ: Հուսանք, որ տարվող դիվանագիտական աշխատանքների արդյունքում կհաջողվի կանխել խմբավորման մասնակցությունը Մոսուլի գործողությանը: Թուրքիայի համար շատ կարևոր է նաև Թելաֆերի ապագան:

 

Կարևոր է, որ Իրաքի բանակը, օգտագործելով թուրքմենական ուժերը, մաքրի Թելաֆերն ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից»:
2016թ.-ի ճիշտ այս օրերին, իսկ ավելի կոնկրետ հոկտեմբերի 17-ին իրաքյան բանակը քրդական ջոկատների հետ համատեղ սկսեց ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը:
Իսկ նույն թվականի հոկտեմբերի 4-ին, Իրաքի խորհրդարանը որոշում ընդունեց, որով երկրի
Մոսուլ քաղաքում թուրքական զինուժի կողմից իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» համարեց: Անմիջապես հաջորդ օրը
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքըն էլ հայտարարեց , որ անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից' Թուրքիան կմասնակցի Մոսուլի ազատագրման գործողությանը:
Հենց այդ օրերին էր, որ Թուրքիայի նախագահը, արձագանքելով Իրաքի խորհրդարանի և վարչապետի կողմից իրեն ուղղված քննադատություններին, անձնական վիրավորանքներ հասցրեց Իրաքի վարչապետին:

 


Հատուկ շեշտեմ նաև, որ այդ ժամանակաշրջանում Թուրքիան Իրաքյան Քրդստանի հետ գնտվում էր եղբայրական հարաբերությունների մեջ, իսկ Բարզանիին Անկարայում ընդունում էր պետության ղեկավարներին հատուկ արարողակարգերով: