Առավոտից մտածում եմ, թե ինչպես կարող ենք մեր խորին հարգանքն ու երախտիքը հայտնել մեծ հայրենասեր Լևոն Հայրապետյանին: Եվ հիշեցի վերջերս վախճանված կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի որդիների հրաշալի գաղափարի մասին: Նրանք առաջարկեցին բոլորին, որոնք կցանկանան ծաղիկներ կամ ծաղկեպսակ բերել ժողովրդական արտիստի թաղմանը, դրա փոխարեն գումար փոխանցեն ՀՀ պաշտպանության նախարարության հաշվին՝ բանակի համար զենք ձեռք բերելու համար:

 

Արդյունքում հավաքվեց ավելի քան 4 մլն 300 հազար դրամ՝ 9 հազար դոլար: Գևորգյանցների ընտանիքը ևս իր կողմից զգալի գումար փոխանցեց այդ հաշվին: Սա հանգուցյալի հիշատակը հարգելու լավագույն միջոցն էր, քանի որ նա իր կյանքի ընթացքում շատ բան էր արել ազգային բանակի ձևավորման համար: Լևոն Հայրապետյանն ազգային բանակի ձևավորման համար շատ ավելին է արել: Տասնյակ հազարավոր երախտապարտ մարդիկ կցանկանան իրենց ցավակցությունն ու վշտակցությունը հայտնել նրա հարազատներին: Միգուցե արժի, որ Հայրապետյանների ընտանիքը ևս հանդես գա կոչով՝ ովքեր ցանկանում են իրենց վերաբերմունքն արտահայտել հանգուցյալի հանդեպ, թող գումար փոխանցեն Արցախի պաշտպանության նախարարության որևէ հաշվեհամարի:

 

Արդյունքում, հավաքված միջոցները կլինեն մեր երախտագիտության լավագույն հաստատումը: Խնդրում եմ ասեք, թե ով կարող է այս միտքը փոխանցել Լևոն Հայրապետյանի եղբորը՝ Վլադիմիր Հայրապետյանին: Եվ եթե կարծում եք, որ այս գաղափարը արժանի է քննարկման, ապա այս ուղերձը տեղադրեք ձեր էջում: