Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եվրոպական կուսակցությունները սկսել են նախապատրաստվել 2019 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ընտրություններն, ըստ ամենայնի, կկայանան մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

Եվ թեպետ դեռ 18 ամիս կա, սակայն ընտրարշավը խոստանում է շատ թեժ լինել։ ԵՄ երկրները կանգնած են լրջագույն փոփոխությունների նախաշեմին։ Բացի ավանդական գաղափարական տարանջատումներից՝ պահպանողականներ, սոցիալիստներ, լիբերալներ և այլն, ընտրության հարց է նաև Միացյալ Եվրոպայի հանդեպ վերաբերմունքի հստակեցումը։

Ծայրահեղ աջերն ու ձախերը ունեն տեսանելի ընրազանգված՝ խաղալով մարդկանց անվտանգային, միգրացիոն և սոցիալական մտավախությունների վրա։ Ավանդական եվրոպական կուսակցությունները այլևս չեն կարող անտեսել շարքային քաղաքացիներին հուզող նման խնդիրները։ Ավստրիայի, Գերմանիայի վերջին ընտրությունները դրա վառ ապացույցն են։

Ինչպիսին կլինի ապագա Եվրախորհրդարանը և Եվրահանձնաժողովը, հիմա վաղ է կանխագուշակել։ Ակնհայտ է, որ եվրաէնտուզիաստները ունեն թե գլոբալ առաջնորդության, թե մարդկանց հետ ավելի հստակ հաղորդակցվելու կարիք։

Ընտրարշավները առավել տեխնոլոգիական և թիրախային են դառնում իրենց մեթոդաբանությամբ, սակայն բովանդակության մեջ՝ առավել զգացմունքային, թարմ, հիշվող և վստահություն ներշնչող։

Այս ամենը շատ կարևոր է նաև մեզ համար, ինչպես քաղաքական մշակույթի զարգացման, այնպես էլ Հայաստան֊ԵՄ հարաբերությունների ապագայի տեսանկյունից։