Որոշ ժամանակ առաջ գրառումներիցս մեկում նշել էի, որ Իրան-Արևմուտք հարաբերություններն այդքան էլ միանշանակ չեն, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է Միջուկային Համաձայնությանը։

Միջուկային Համաձայնության դեպքում Արևմուտքի տեսակետներում նկատվում է հստակ երկփեղկում ԱՄՆ-ի և Եվրոմիության միջև։ Եթե ԱՄՆ-ն ակնհայտորեն դեմ է Միջուկային Համաձայնության ներկայիս ձևաչափին, ամեն ինչ անում է այն փոխելու, կամ ընդհանրապես չեղարկելու և կամ դրա մեջ ներառելու նաև հրթիռային ծրագրերն ու հիմնականում ձախողվում է, ապա Հին աշխարհամասում պատկերը բոլորովին այլ է։

Հոկտեմբերի 13-ին ԻԻՀ նախագահ Հ․Ռուհանին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆ․Մակրոնի հետ, որի ընթացքում շեշտել է, որ միջուկային համաձայնությունը քննարկման ենթակա չէ։ Ի պատասխան Հ․Ռուհանիի պնդումներին՝ Ֆ․ Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան և Եվրոմիությունն ամբողջովին պաշտպանում և ընդունում են Միջուկային Համաձայնության ներկայիս ձևաչափը և պատրաստ են Իրանի հետ բոլոր ոլորտներում շարունակել համագործակցությունը, իսկ եղածներն էլ՝ խորացնել։

Միջուկային Համաձայնության մասին գրեթե նույնատիպ բովանդակությամբ ձակերպումներ է արել նաև Եվրոմիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆ․ Մոգերինին՝ հաստատելով Ֆրանսիայի նախագահի խոսքերը։

Փաստորեն, ևս մեկ անգամ կարող ենք նշել, որ Իրանն իր հետևողական և գրագետ քայլերով կարողացավ Միջուկային Համաձայնության հարցում Արևմուտքի տեսակետներում և գործողություններում տարաձայնություններ առաջացնել՝ դասագրքային կերպով իրացնելով «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը։

#ՄերհարևանԻրանը