Իրաքի Քրդստանի տարածաշրջանում այս օրերին տեղի ունեցավ չափազանց կարևոր մի իրադարձություն, որն առաջին հայացքից լոկ քուրդ անվանի քաղաքական գործիչ, «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցության հիմնադիր Ջալալ Թալաբանիի թաղման արարողությունն էր, սակայն իրականում նոր սերնդի քաղաքական վերնախավի յուրատեսակ ստուգատես ընդամենը մեկ ամսից էլ քիչ ժամանակ հետո կայանալիք Քրդստանի տարածաշրջանի նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ:

Մի կողմից Իրաքի Քրդստանում ավելի շատ «Ջալալ հորեղբայր» փաղաքշական անունով հայտնի քրդական շարժման վետերաններից մեկի մահը, մյուս կողմից՝ մինչև անկախության հանրաքվեն նույն այդ շարժման երկրորդ հռչակավոր վերտերանի Մասուդ Բարզանիի հայտարարությունն առ այն, որ չի պատրաստվում այլևս առաջադրվել նախագահի պաշտոնում, փակում է, պատկերավոր ասած, գլխակապեր և փաթթոցներ կրող քուրդ փեշմարգա-առաջնորդների դարաշրջանը և մեկնարկ տալիս միևնույն ցեղային և քաղաքական կլաններից դուրս եկած երրորդ սերնդի ժամանակակից սանրվածքներով փողկապավոր գործիչների ժամանակի:

Դրանով իսկ փաստացիորեն փոփոխվում է Իրաքի Քրդստանի տարածաշրջանում քաղաքական մշակույթի խորապատկերը, երբ ծագող ներքրդական խնդիրները շատ դեպքերում լուծվում էին չգրված ավանդական սովորութային իրավունքի հիման վրա և ստեղծվում արտաքուստ ավելի քաղակիրթ թվացող, սակայն իրականում լրջագույն ստորջրյա խութեր ունեցող մի իրավիճակ, երբ հիմնականում ավանդական հասարակություն ունեցող քուրդ բնակչությամբ տարածքում քաղաքական պայքար են մղելու «եվրոպացի» ցեղային քուրդ առաջնորդները: