Գրե՞մ, չգրե՞մ... դե լավ, մեկ ա բան չի փոխվելու, ուրեմն գրեմ:

Երեկ ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, պատասխանելով աջ ղեկ ունեցող մեքենաների վերաբերյալ հասարակությունում տարածված լուրերի իսկության մասին լրագրողի հարցադրմանը, պատասխանել է, որ նախարարությունը կստանա ոստիկանությունից տեղեկատվություն (երևի նրա մասին, թե ՃՏՊ-ներում աջ ղեկ ունեցող մեքենաները ինչ տոկոս են զբաղեցնում) և կկայացնի որոշում: Մյուս նախադասության մեջ նախարարն ասում է, որ Հայաստանն ընդունել է աջակողմյան երթևեկության միջազգային ստանդարտները և աջ ղեկ ունեցող վարորդներին կտրամադրվի որոշակի ժամանակ, որ ղեկը փոխեն:


Եթե սա ասեր որևէ ուսանող, ես, որպես տրամաբանության դասախոս, այս պատասխանը կգնահատեի «անբավարար»: Ինչու՞:
1. Որովհետև ոստիկանությունից տեղեկատվություն դեռ չստացած նախարարն արդեն խոսում է նրա մասին, թե ինչ որոշում է ընդունվելու: Իսկ եթե ոստիկանության տեղեկատվությունը ուղիղ հակառակ որոշում ենթադրի՞...
2. Որովհետև աջակողմյան և ձախակողմյան երթևեկության տարբերության հիմքում ընկած է ընդամենը այն պատկերացումը (ո՞վ է ասել, որ՝ ճիշտ), որ վարորդի նստատեղը պետք է լինի հանդիպակաց երթևեկության կողմից: Օրինակ, մոտոցիկլետի պարագայում ինչպե՞ս եք որոշում, դրա ղեկը աջ կողմու՞մ է, թե՞ ձախ... Չի որոշվում:

 


3. Որովհետև չկա վիճակագրություն, որ աջ ղեկ ունեցող մեքենաներն ավելի հաճախ են հանդիսանում ՃՏՊ-ների ՊԱՏՃԱՌ (ոչ թե մասնակից, որովհետև կարող են լինել մասնակից՝ չլինելով պատճառ): Եթե նման վիճակագրություն կա՝ հրապարակե՛ք:
4. Որովհետև առաջանում է տպավորություն, որ նախարարը սպասարկում է Հայաստանում ձախ ղեկ ունեցող մեքենաներ վաճառող ընկերությունների շահերը:
5. Եվ վերջում. այդ նոր միայն գլխի ընկա՞ք, որ Հայաստանում աջ ղեկ ունեցող մեքենաներ կան: Պետությունը չի կարող այդքան անհետևողական և հակասական լինել՝ մի օր թույլատրում է մուգ ապակիներ, մի օր՝ արգելում, տարիներով թույլատրում է աջ ղեկ ունեցող մեքենա ներմուծել, մի օր որոշում արգելել դրանց շահագործումը...

Պարոն նախարար, Դուք առհասարակ հասկանու՞մ եք, թե պետությունն ինչ է:
Առավելագույնը, որ կարող եք անել՝ արգելել աջ ղեկ ունեցող մեքենաների ներմուծումը սկսած, օրինակ, 2018 թվականի հունիսի 1-ից: Բայց ոչ երբեք՝ ստիպեք վարորդներին փոխեն մեքենայի ղեկը:

Մովսես Դեմիրճյան