Իմիջիայլոց…

1996 թվականի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանի ղեկավարած ընդդիմության ներկայացուցիչները տապալեցին խորհրդարանի դարպասներն ու ներխուժեցին ԱԺ-ի շենք, ծեծի ենթարկեցին ԱԺ ղեկավարությանը, ավիրեցին պետական գույքը: Այն ժամանակ որևէ մեկը չզոհվեց, պետական մարմնի վրա հարձակված ամբոխի ուղղությամբ կրակ չարձակվեց:

Այդ ժաամանակ էր, որ ընդդիմությունը հարձակվել իշխանության վրա, մյուս բոլոր դեպքերում հակառակը` իշխանությունն է անհամաչափ ուժ կիրառել ընդդիմության նկատմամբ:

Տեղի ունեցան դրամատիկ իրադարձություններ, որոնք, ըստ էության, դրեցին քաղաքական անտագոնիզմի հիմքերը: 1996-ի նախագահական ընտրությունները բացառիկ շանս էին Հայաստանի համար այն առումով, որ դրանցում կարող էին դրվել քաղաքական մրցակցային պայքարի հիմքերը, կամ նույնիսկ կարող էր մեր երկրում ձևավորվել ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման մշակույթը:

Եթե չլինեին 1996 -ի դեպքերը, չէր լինի հոկտեմբերի 27-ը :

Զանգվածային անկարգությունների կազմակերպիչները, հրահրողները և կոնկրետ իրագործողները պետք է բացահայտվեին և կանգնեին դատարանի առջև: Եթե նրանք չխուսափեին այդ պատասխանատվությունից, ապա չէր լինի հոկտեմբերի 27-ը, ապրիլի 12-ը, մարտի 1-ը: Դա առաջին կազմակերպված զանգվածային հարձակումն էր պետական իշխանության մարմնի վրա, և դա այն ժամանակվա ընդդիմությունը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, կուլ տվեց, քաղաքական ինչ-ինչ հանգամանքների բերումով:

Իրականում քաշքշուկ պառլամենտում եղել էր, բայց այդօրինակ ծեծ մինչ այդ Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում չէր եղել: Նախադեպը արձանագրվեց ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում: Սահմանադրական կարգով իրեն վերապահված ԱԺ նիստ գումարելու նախաձեռնությունից օգտված կառավարությունը նիստին ներկա էր, սակայն ծավալվող իրադարձություններում որևէ դերակատարություն չի ունենում:

Խորհրդարանը 145 կողմ, 2 դեմ, 0 ձեռնապահ ձայնով հավանություն է տալիս Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի պետ Սեյրան Ավագյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջին, երբ վերջինս և ՀՅԴ ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը, զինվորների ուղեկցությամբ, բերման ենթարկվեցին դահլիճ:

Պատգամավորները` մի կողմ թողնելով քվեարկության գործը, սկսեցին բղավել: Նրանցից ոմանք մոտենում են, որպեսզի հարվածեն ներս բերված պատգամավորներին, սակայն առաջին փորձը զինվորների դիմադրությամբ խափանվում է: Հարկ է նկատել, որ առավել ակտիվություն են ցուցաբերել հատկապես այն պատգամավորները, որոնց լրագրողները չէին ճանաչում: Այնուամենայնիվ, նրանք հաջողեցին առանձին-առանձին մոտենալով մեկ-երկու հարված հասցնել ինչպես Ավագյանի, այնպես էլ Հակոբյանի գլխին: Պետք է ասել, որ ըստ էության խորհրդարանը ողջունում էր ամեն մի նմանօրինակ դրսևորում` այդ ամենն ուղեկցելով ձերբակալվածներին ուղղված անկանոն բացականչություններով: Ընթացքում տեղի էին ունենում նաև քվեարկություններ, և խորհրդարանը գրեթե միաձայնությամբ համաձայնություն է տալիս գլխավոր դատախազ Գևորգյանի պահանջներին: Քվեարկությունները տեղի էին ունենում փակ հիմունքով, և այս առումով դժգոհության ալիք է բարձրանումնաեւ հատուկենտ դեմ քվեարկողների հանդեպ:

Աքացիների ու բռնցքահարվածների է արժանանում նաև Պարույր Հայրիկյանը: Սակայն դահլիճում գտնվում են Հայրիկյանին պաշտպանողներ: Ազատ Արշակյանն ու «Հանրապետական» կուսակցությունից մի քանիսը վեճի են բռնվում կատաղած պատգամավորների հետ: 


Հայրիկյանի ծեծվելուց հետո դահլիճը լքում են հայկոմկուսի պատգամավորական խմբակցության ներկայացուցիչները ու նաև մի քանի այնպիսի պատգամավորներ, որոնք մինչ այդ լրագրողական շրջանակներում ունեին ազնիվ մարդու նկարագիր: Նրանք, ովքեր զանգվածային ծեծի ժամանակ բաժանարար առաքելությամբ հիմնականում հանդես էին գալիս սոցապ նախարար Ռաֆայել Բագոյանը, ով զսպում էր Սամվել Գևորգյանի կրքերը, Խոսրով Հարությունյանը, Վահագն Խաչատրյանը և Շահեն Պետրոսյանը:

 

Արմեն Հովասափյան