Լրատվական դաշտում հաճախ կարելի է այս օրերին հանդիպել հարցադրումների, թե ինչ կարող է տալ Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն կամ կատալոնացիների անկախացման գործընթացը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին: Այս ուղղությամբ առաջիկա տարիներին լուրջ դրական տեղաշարժեր ակնկալելը թերևս այնքան էլ իրատեսական չէ: Հիմնական պատճառներից մեկը միջազգային հարաբերություններում գործող երկակի ստանդարտներն են: Կոսովոն կարող է անկախանալ, իսկ Կատալոնիան` չգիտես ինչու, ոչ:


Այսօր միանշանակ չէ` Կոսովոն կամ Աբխազիան ու Հարավային Օսիան իվերջո միջազգային սուբյեկտ են, թե ոչ: Հարցն իսկապես օրակարգային և միևնույն ժամանակ զավեշտալի է, քանի որ միջազգային հանրությունում չկա համընդհանուր մոտեցում այդ հարցում: Եվրոպական արժեքները կիսող հայաստանյան հասարակական շրջանակաները ակնկալիքներ ունեին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի խորացման պարագայում միայն հնարավոր կլինի մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչներով լուծել Արցախի ինքնորոշման հիմնահարցը:


Այն դեպքում, երբ Իսպանիայի իշխանությունները կատալոնացիների ինքնորոշման հարցում իրենց գործողություններով չեն զիջում Թուրքիայի իշխանություններին, ԵՄ-ից այդ ուղղությամբ սպասելիքներ ունենալն առնվազն միամտություն է: Իհարկե շատ ողջունելի է, երբ ԱՄՆ հերթական նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետությունը, սակայն դա խոշոր հաշվով ինչ ազդեցություն կունենա Արցախի դե-յուրե և փաստացի միջազգային ճանաչման գործընթացում, այնքան էլ միանշանակ չէ: Հաշվի առնելով միջազգային հարաբերություններում խորացող հակասությունները, երկակի ստանդարտների մեխանիզմների կիրառության ակտուալությունը` Արցախի ինքնորոշման գործընթացի իրականացման հարցը առաջիկայում ևս կորոշվի հակամարտող կողմերի ուժերի հարաբերակցությունում:

Կարեն Վերանյան