Մի քանի օր առաջ Նյու-Յորքում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի միջև հանդիպումը։ Քննարկվել են երկու երկրների նախագահների միջև հանդիպում կազմակերպելու գործընթացը։ Սակայն այստեղ մի հարց է առաջանում, որի վերաբերյալ Հայաստանի կողմը գոնե պատշաճ բացատրություն դեռ չի տվել։

 

Ի վերջո, ինչի՞ հիման վրա են բանակցելու նախագահները։ Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի նախագահը հայտարարեց, որ իմաստ չի տեսնում Ադրբեջանի նախագահի հետ բանակցելու, քանի որ վերջինս բանակցություններում մի բան է խոսում, գնում, իր երկրում ուրիշ բան է անում։ Սա՝ առաջին։ Երկրորդ՝ բանակցությունները կարող են վերսկսվել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի ստանձնի Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պարտավորությունները։ Դրանք Ադրբեջանը չի կատարել ու համառորեն նպատակ էլ չունի անելու։ Հետևաբար, ստեղծված իրավիճակում, եթե հետևում ենք զուտ պռոտոկալային քննարկումներին, ապա հանգում ենք հետևյալ եզրակացությանը՝ կա՛մ Ադրբեջանը համաձայնվել է դրանց, ու մոտ ապագայում երկու երկրների նախագահները կամրագրեն սահմանային միջադեպերը պարզող սարքերի տեղադրումը, հրադադարի պահպանումն ու զենքի կիրառելության մերժումը, կա՛մ էլ նշանակում է, որ հայկական կողմը նորեն համաձայնվել է բանակցությունների՝ աչք փակելով վերոնշյալ պայմանավորվածությունների վրա։ Երկու դեպքում էլ բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվում, որովհետև եթե ենթադրենք նույնիսկ, որ Հայաստանը համաձայնվել է բանակցությունները վերսկսելուն, ապա հարց է առաջանում՝ ինչի՞ շուրջ են բանակցելու Սարգսյանն ու Ալիևը։

 

Դատելով երկու կողմերից հնչող հայտարարություններից՝ առանձնապես ցանկություն չկա զիջումների գնալու, հետևաբար, նորից նույն կետին գալն ու հերթապահ հայտարարություններ անելը կդիտվի միայն ու միայն որպես թուլակամություն Հայաստանի կողմից։