Թոյնբին ասում է, որ պատմությունը զարգանում է «մարտահրավեր-պատասխան» ձևաչափով: Մարտահրավեր մենք ունենք, դա շրջակա միջավայրն է, մեր հարևաններն են: Եթե մենք ունենք այս մրցավազքում դիմանալու ցանկություն և կամք, ապա պետք է պատասխան ձևակերպենք: Մեր պատասխանը չի կարող լինել կենսունակ պետություն ունենալը:

Եթե Հայաստանը աշխարհագրորեն լիներ Կենտրոնական Եվրոպայում կամ Հարավային Ամերիկայում, կարելի էր խոսել կենսունակ պետականաշինության առաքելության մասին: Բայց մեր տարածաշրջանի պատմությունն ապացուցել է, որ այն պահին, ով կորցնում է մրցունակությունը, ոչնչացնում են մշակութային ու սոցիալական առումով, լեզվական առումով, ինքնության առումով, ի վերջո` ֆիզիկապես: Ուստի խնդիրը մեկն է` ունենալ մրցունակ պետականություն` ժողովրդագրական, տնտեսական, ռազմական բաղադրչիներով և դրանց աճող պոտենցյալով, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետությամբ:

Մենք չենք կարող մեզ թույլ տալ յոլա գնալու, իներտ կամ գռքաշ ապրելու հաճույքը, որովհետև պատմությունը մեզ չի ներելու, ևս մեկ պետականություն ունենալու շանս պատմությունը մեզ այլևս չի տալու: Միգուցե սովետների երկիրը ապահովում էր մեր ֆիզիկական և սոցիալական անվտանգությունը` ստեղծելով նաև ազգային ինքնության պահպանման ու զարգացման միջավայր, բայց այդ պետությունը վաղուց չկա: Հիմա մենք ենք մեր գլխի տերը, մենք ենք մեր ներկայի պատասխանատուն և ապագա կերտողը: Ապագա, որտեղ մեր հավաքական անվտանգության և առաջընթացի միակ ինստիտուտը` պետությունը, կլինի մրցունակ ու կդիմանա խիստ մրցակցային ու դաժան մրցավազքին...

 

Միհրան Հարությունյան