Օրերս Ժիրայր Սեֆիլյանը նամակ էր տարածել ՔՀԿ-ից, որում նշել էր մի քանի քաղաքական և հասարակական գործիչների անուններ, ովքեր, ըստ Սեֆիլյանի, ունակ են համախմբել ժողովրդին և «վերահաս աղետից փրկել պետականությունը, հայրենաբնակ հայությանը և Հայրենիքի ապագան»։ Ինչպես որ տրամաբանական էր, նամակի վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ։ Շատերը սկսեցին քննադատել ու հարցականի տակ դնել Սեֆիլյանի ադեկվատությունը, ոմանք էլ դրական արձագանքեցին կոչին:

Սակայն, նայելով Սեֆիլյանի ցուցակում առկա անուններին, ակամայից հիշում ես 2016-ի հուլիսյան դեպքերը, որի ամբողջ ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր թեժ վայրերում ու փաստացի խնդրին փորձում էր տալ քաղաքագիտական, այլ ոչ արյունալի լուծում, Պավլիկ Մանուկյանից մինչև Սյուզան Սիմոնյան ամենավերջին բառերով վիրավորեցին նրան և ողջ ընդդիմությանը։ Պավլիկ Մանուկյանը անգամ հայհոյեց բոլոր ընդդիմադիրներին։

Հիմա, մի կողմ դնելով Ժիրոյի նամակի բովանդակությունը, հարց է առաջանում, թե նա ինչ երեսով է կանչում այդ նույն մարդկանց համագործակցության սեղանի շուրջ, կամ այդ ինչ փոխվեց ժիրոյական ֆեյսբուքցիների և մասնավորապես Սյուզան Սիմոնյանի մոտ, որ նա սկսեց Նիկոլին և մյուս ընդդիմադիրներին հավատալ և հույսեր կապել նրանց հետ։ Երբ Սյուզանն ասում է․ «Ես հասկանում եմ, որ շատերը ուզում են, որ Ժիրայրը լինի փողոցում իրենց առաջնորդող», իրեն հարց տվե՞լ է, թե ոնց է դա լինելու, կամ ինչի՞ց է նման եզրահանգման եկել: Նա երևի մոռացել է, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ անգամ ժողովուրդը նրանց կողքին չկանգնեց, իսկ նրանք, ովքեր դուրս էին եկել փողոց, պայքարում էին միայն նրա համար, որ արյունահեղություն չլինի: Այստեղից կարելի է եզրակացնել, որ միայն ձեր մի քանի հոգանոց խմբակն է կարծում, որ ժողովուրդը ցանկանում է Ժիրոյին տեսնել իրենց առաջնորդողի դերում:

Հ.Գ. Եվ վերջիվերջո, ժողովուրդն ամեն ինչ լավ հասկանում է, մի փորձեք ժողովրդի անունից խոսել ու հերոս խաղալ։