ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահի ելույթը կարևոր ուղերձներ էր պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ: Նախ՝ նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից կրկին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը նպատակադրվել է ոչ թե խաղաղ ճանապարհով հասնել հակամարտության լուծմանը, այլ հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը, այն է` ուժի կիրառման միջոցով բռնակցել Արցախը:

Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած Քառօրյա պատերազմն Ադրբեջանի կողմից վարվող այդ քաղաքականության գլխավոր օրինակն էր, որի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարեցին պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: ՀՀ նախագահը Ադրբեջանին անուղղակիորեն հասկացրեց, որ եթե Ադրբեջանը շարունակի առաջ շարժվել դեպի պատերազմ տանող ճանապարհով, ապա այն անդառնալի հետևանքներ կունենա այդ երկրի համար, քանի որ հայկական կողմը թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն ունենա։

Նախագահը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և կարգավորման տարբերակը շատ պարզ է` Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի, այսինքն` Արցախի վերադարձը նախկին կարգավիճակին այլևս անդառնալի է: