Դպրոցում բավականին լավ եմ սովորել: Միակ առարկան, որ լավ չեմ սովորել, անգլերեն լեզուն էր: Բայց դա ավելի շուտ ոչ թե իմ (ես այն ժամանակ երեխա էի և շատ բան չէի հասկանում), այլ ժամանակաշրջանի պրոբլեմն էր:

 

Հետո ամբողջ կյանքում խեղճացել եմ հենց անգլերեն չիմանալու (կամ շատ վատ իմանալու) պատճառով և երեխաներիս միշտ բերել եմ անձնական օրինակս, որպեսզի հետագայում իմ նման չխեղճանան: Այսօր երկու երեխաներս էլ բավականին լավ գիտեն և՛ անգլերեն, և՛ ռուսերեն (աղջիկս՝ նաև գերմաներեն):

 

Ասածս ի՞նչ է: Ժող ջան, կռիվ մի տվեք ռուսերենի հետ: Կռիվ տվեք, որպեսզի անգլերենն ու, եթե հնարավոր է, մեկ այլ լեզու ևս (օրինակ՝ ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն, ինչու ոչ՝ արաբերեն կամ չինարեն) խորացված ուսումնասիրվի մեր դպրոցներում: Ժամանակակից աշխարհում մեր նման երկրների քաղաքացիներն առանց այդ լեզուների իմացության կկորչեն: Առավել ևս, որ մեր՝ հայերիս, լեզվական հնարավորությունները թույլ են տալիս շատ հեշտ և արագ տիրապետել անգամ ամենաբարդ լեզուներին: