Տարածքներ տալ-չտալու մասով։ Իրականում բավականին նուրբ քաղաքական մոտեցում է որդեգրել իշխանությունը, ու եթե իմ կարծիքը կուզեք իմանալ, վաղուց պիտի այդպես աներ։ Խնդիրը հետևյալն է. գոյություն ունի փաստաթուղթ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը տարիներ շարունակ բանակցում են։ Դրանք մադրիդյան սկզբունքներն են, ու չի բացառվում, որ հենց այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են գնում, բայց ստվերային կարգով։ Հետևաբար տարածքների վերադարձն ինչ-որ իքս պահի ինչ-որ երաշխիքների դիմաց չի բացառվում, իհարկե։

 

Խնդիրն այն է, որ երկար տարիներ՝ սկսած 1998 թվականից, այս թեմայի շուրջ իշխանության նախաձեռնությամբ քննարկումներ հանրության հետ չեն եղել, ու այժմ դոզավորված կերպով հասարակությունն աստիճանաբար իրազեկվում է այն քաղաքական գործընթացների մասին, որոնցից մինչ այդ զերծ է մնացել, կամ նրան զերծ են պահել։ Ի վերջո, այստեղ մեծ դեր ունեն նաև երկու երկրների հասարակությունների կարծիքները։

 

Թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում գերակշռող մեծամասնությունը դեմ է տարածքներ զիջելուն, ուստի անհրաժեշտ է երկու երկրների հանրություններին նախապատրաստել խաղաղության ու այդ գործը ինչ-որ տեղից սկսել։ Հայաստանն իր մասով արդեն սկսել է այդ գործընթացը, տեսնենք, թե ինչպես իրադարձությունները կզարգանան Ադրբեջանում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ կոմպրոմիսը լինելու է միակողմանի, որովհետև, մեծ հաշվով, հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, սակայն հանրության հետ հարաբերվելու կարիք իսկապես կա։