Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.

«Ցանկացած սպորտաձևի կամ ֆեդերացիայի աշխատանքի նկատմամբ հասարակական ընդվզումները, որոնք հիմնականում հաջորդում են անհաջող ելույթներին, միշտ էլ եղել են, կան ու լինելու են: Դա բնական երևույթ է և այլ կերպ պատկերացնել էլ հնարավոր չէ:

Այստեղ իհարկե կարող է լինել երկու պատճառ: Մեկը փոփոխությունների պահանջի ակնկալիքով հասարակության բողոքն է՝անգամ ցանկություն չունենալով լսել որևէ արդարացում, մյուսը ՝թաքնված ծրագիրն է՝ տվյալ իրավիճակում ինչ որ մեկի կամ ոմանց շահը արհեստականորեն առաջ տանելու: Դա էլ է միշտ եղել, կա և ապագայում էլ լինելու է...
Հասարակության յուրահատուկ հետաքրքրություն որևէ սպորտաձևի նկատմամբ, որից էլ առաջանում է «ավանդական սպորտաձև» եզրույթը, որքան լինում է ավանդական ,այնքան սպասելիքները լինում են առավելագույն ու խիստ:

Սպորտում և առհասարակ ցանկացած ասպարեզում հաջողություններ գրանցելու բանաձևը պարզ է ՝ պայմաններ + նպատակին հասնելու վճռականություն:

Միշտ վեճի թեմա է, թե այս գումարելիներից որն է առաջնային ու կարևոր: Ոլորտի պատասխանատուները ամեն ինչ փորձում են կապել ֆինանսական պայմանների հետ, իսկ պայմաններ ստեղծողները թերահավատորեն են վերաբերվում տվյալ ուղղության հաջողությանը: Ես այս ամենը անկեղծորեն համարում եմ ժամանակի անիմաստ վատնում ՝ հիշելով «գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում» մաթեմատիկական պարզ կանոնը:

Հետևաբար կարևոր է և՛առաջինը ,և՛ երկրորդը…
• Ուշադրություն տվյալ մարզաձևի նկատմամբ
• Սպորտաձևի զարգացման համար մշակված հստակ քաղաքականություն և քայլերի ծրագիր
• Մարզչական և կառավարման ոլորտում արհեստավարժ մասնագետների պատրաստում
• Եվ նոր վերջում միայն մարզական բախտ, որը հաճախ լինում է ճակատագրական, բայց ոչ թե մի ամբողջ երկրի համար, այլ տվյալ մարզիկի կյանքում:

Ըստ իս,սրանք են այն հիմնական գործոնները, որոնք ուշ թե շուտ ապահովում են շոշափելի արդյունք:
Առաջին կետը ֆինանսական միջոցներն են, որոնք միշտ էլ սպասվածից քիչ են լինում: Դա խնդիր է մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում: Լուծումը այս դեպքում հետևյալն է. Եղած միջոցները փորձել կառավարել հնարավորին չափ ռացիոնալ, որն իհարկե միշտ վիճելի է և ամբողջ պատասխանատվությունը ընկնում է վերջնական որոշում կայացնողի ուսերին, և մյուսը ՝այլ ճանապարհներով հավելյալ միջոցներ գտնելն է, որը մեկի մոտ կարող է ստացվել, մյուսի մոտ ոչ, կամ ոչ բավարար:

Ես ,երբ ստանձնեցի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, ինքս ինձ համար և իմ առաջ դրեցի կոնկրետ նպատակներ, որոնց համար սահմանեցի խելամիտ ժամանակահատված: Օգտագործելով սպորտային աշխարհի և բիզնեսի ոլորտում իմ անձնական կապերը ՝փորձեցի Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից ներգրավել հետաքրքրություն ունեցող մարդկանց, որոնց միջոցով հնարավոր կլիներ լուծել տարատեսակ ընթացիկ հարցեր, նաև համոզեցի շատերին միջազգային փորձի օրինակով անհատապես հովանավորել աչքի ընկած որոշ սպորտսմենների: Այս փուլում ինձ համար սա ոչ թե կարճ ժամանակում արդյունք ունենալու ակնկալիք էր, այլ կարևոր էր առաջ բերել մի մշակույթ, որը վաղուց աշխարհում գործում է, երբ բիզնեսմենը ռիսկեր կրելով ներդնում է գումար, իսկ մարզիկը գիտակցելով գործի լրջությունը կրում է բարոյական պատասխանատվություն: Այստեղ է նաև լուրջ արդյունքներ գրանցելու բանալին...

Ինչ վերաբերում է մասնագետների ընտրությանը և կադրային մարտավարությանը՝ հասկացա մի կարևոր բան: Պետք է աշխատելու հնարավորություն տալ դաշտում որոշակի վարկանիշ ունեցող յուրաքանչյուր մասնագետի: Որոշվեց ստեղծել համակարգ, որը նրանց հնարավորություն կտա ռոտացիոն կարգով աշխատել և որոշակի ժամանակում դրսևորել իրենց մասնագիտական կարողությունները: Սա նախ օգնեց ինձ տեսնել մեր ունեցած ռեսուրսների պատկերը և վերջ դրեց ավանդական կուլիսային խոսակցություններին:

Ճիշտ եմ գտնում այս թեմաների շուրջ հրապարակային խոսել այսօր, երբ Ֆեդերացիան գրանցեց արդյունք, որը շատ փոքր մաս է կազմում մեր ապագա ծրագրերի:

Հայաստանի Բռնցքամարտի հավաքականի վերջին հաջողությունների առթիվ անձնական շնորհավորանքներ հայտնելուց և շնորհավորանքներ ստանալուց բացի չեմ ունեցել ոչ մի հրապարակային ելույթ: Վստահեցնում եմ, չեմ ունեցել իմ և ֆեդերացիայի նկատմամբ գովեստի խոսքեր լսելու ցանկություն, մարզիկներիս էլ հորդորել եմ նույնը: Բայց հաջողություններ գրանցելու պարագայում, այդ ամենի լուսաբանումն ու իրազեկման մակարդակը կարևորում եմ մեկ այլ տեսանկյունից, դա հասարակության մեջ սպորտային հաջողությունների նկատմամբ հիմնականում նեգատիվ ինֆորմացիան բալանսավորելու միակ միջոցն է: Չլինեն հաջողություններ՝ չի լինի ոգևորություն, չլինի ոգևորություն՝ չի լինի հավատ, կորցրեցինք հաջողության հանդեպ հավատը՝ ուրեմն պարտված ենք հենց սկզբից:

Շնորհավորում եմ բոլորիս տարիների դադարից հետո Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր ունենալու առթիվ: Նոր հաջողությունների ակնկալիքով բոլոր մարզիկներին կոչ եմ անում ապագայի համար ներդնել ուժերի առվելագույնը: Եվ ևս մեկ անգամ հիշեցնեմ. բռնցքամարտը աշխարհի ամենատարածված և պահանջված մարզաձևերից է, որտեղ այսօր կնվաճես մեդալ, իսկ վաղը կդառնաս ավելի հարուստ քան մերօրյա որևէ օլիգարխ»: