Նարեկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին Բաքվում մասնակցելու է Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:

Նշենք, որ Եվրանեսթի ԽՎ-ն հիմնվել է 2003 թ-ին Եվրոպական Հանձնաժողովի կողմից և Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մասն է կազմում: Այն ներխորհրդարանական ֆորում է, որում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մշակում են ԵՄ-ին ավելի մոտ քաղաքական ու տնտեսական կապեր:

Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների պրակտիկան, Ադրբեջանը իր տարածքում տեղի ունեցող միջազգային կոնֆերանսները փորձում է օգտագործել դրանց հակահայկական երանգ հաղորդելու և եվրոպացիների աչքին Հայաստանը վարկաբեկելու համար: Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովը նույնպես բացառություն չի կարող լինել: Սակայն այս անգամ համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության քայլը հնարավորություն չի տա ադրբեջանցիներին միջազգային համագործակցության այդ պլատֆորմն օգտագործել Հայաստանի դեմ և կչեզոքացնի եվրոպացիների մոտ մեզ վարկաբեկելու փորձերը:

Բաքվում Հայաստանի պատվիրակության մասնակցության որոշումը պատային իրավիճակ է ստեղծում Ադրբեջանի համար նաև այն առումով, որ եթե պաշտոնական Բաքուն խոչնդոտներ ստեղծի հայկական պատվիրակության մասնակցության հարցում, ապա հայկական կողմը հնարավորություն է ստանալու եվրոպական ատյաններում բարձրաձայնել, որ այդ պետությունը իր ոչ ադեկվատ վարքով ոտնահարում է միջազգային նորմերը և վարկաբեկում եվրոպական համագորակցության այդ կարևոր հարթակը:

Արդյունքում երկու դեպքում էլ` հայկական պատվիրակության մասնակցությունը խոչնդոտելու և թե ապահովելու դեպքում ադրբեջանցիները զրկվում են իրենց ուզածին հասնելու հնարավորությունից: