Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, պատասխան ստանալու ակնկալիքով, բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գործունեության վրա: Նամակն ամբողջությամբ՝ ներկայացնում ենք ստորեւ.
 
«Վարչապետը պետք է հարցնի. Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյան, առյուծի սիրտ ես կերե՞լ, ո՞նց ես համարձակվում ի՛մ կառավարության որոշումները չկատարել:
 
Այսօր առավոտվանից փնտրում եմ ԿԳՆ կրթության տեսչության կայքը, բայց պարզվեց, որ այն չի գործում, իսկ փնտրում էի, որպեսզի տեղեկանամ, թե ո՞վ է պետի նորանշանակ պաշտոնակատարը, ի՞նչ կենսագրություն ունի և կրթության ոլորտում կառավարման ի՞նչ փորձ ունի, ինչպե՞ս է ժամանակին նշանակվել այդ տեսչության տեսուչ, միակ բարեմասնությունը նրա ՀՅԴ անդամ լինե՞լն է: Ի՞նչ նշանակալի գործունեություն է ծավալել Տեսչությունում, որ հենց ինքն է արժանացել այդ պատվին, իր գործունեության արդյունքում ի՞նչ փաստեր է արձանագրել դպրոցներում, որի արդյունքում ավելի արդյունավետ է դարձել տնօրենի կառավարումը:
 
Ու ամենակարևորը՝ ուզում էի գտնել այն հիմնավորումը, որով այս նորաթուխ պաշտոնակատարը չեղյալ է հայտարարել Արմավիրի 24 դպրոցներում նախօրոք ծրագրված տեսչական ստուգումները: Շատ կասկածելի որոշում է, որից ակնհայտ կոռուպցիայի հովանավորչության տեսակի հոտ է գալիս:
 
Ինչո՞ւ, որովհետև օր չկա, որ Արմավիրի մարզի տարբեր գյուղերի դպրոցներից անձամբ բողոք չստանամ կաշառակերության, պետական միջոցներն անձնական երեխաներին ու բարեկամներին աշխատավարձի ձևով յուրացնելու, անպատվաբեր դրամահավաքի վերաբերյալ: Միայն նշեմ, որ վերոնշյալ ապօրինությունների հետ կապված մարզի Ծիածան գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ պետք է որ արդեն քրեական գործ հարուցված լինել, որի մասին տեղյակ է մարզպետն էլ, ԿԳ նախարարն էլ, բայց այս խայտառակ երևույթի նկատմամբ նրանց վերաբերմունքը շատ «սառնասիրտ» է, որովհետև այդ երևույթներն իրենց համար սովորական են ու տարածված և փակ դռների ետևում քննարկվում Հակակոռուպցիոն հանձնաժողովում, որի նախագահը ՀՀ վարչապետն է:
 
Երեկ էլ Հրապարակ թերթում եղավ «Արմավիրի մարզպետը՝ ընդդեմ սփյուռքի փոխնախարարի և նրա քրոջ» այս հոդվածը որի նյութը շրջանառվում է 2016թ. նոյեմբերից, այսինքն այն ժամանակվանից, երբ լրացել է Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետն ու նոր ընտրություն պետք է իրականացվեր:
 
Ինչպես երևում է նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի պատմածից, այս ընթացքում խախտվել են Կառավարության 04.03.2010 N319-Ն «Տնօրենի ընտրության կարգ» որոշման հնարավոր բոլոր կետերը, ինչպես նաև իրեն ակնարկել են կաշառքի մասին: Եթե երկրում կրթության կարգին տեսչություն ունենայինք, այն պետք է բացահայտած լիներ այդ խախտումներն ու առաջարկեր մարզպետի հրաժարականը, այնինչ որոշել է չստուգել մարզի դպրոցները:
 
Այս մարզպետի կամայականություններն ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում, որոնց մասին ես կտեղեկացնեմ այլ իրավասու պետական մարմիններին, չափ ու սահման չունեն, մինչև ե՞րբ և ինչո՞ւ: Ոչ մի իրավասու պաշտոնյա և հատկապես Դուք, պարոն վարչապետ, չեք ասում. «Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյան, առյուծի սիրտ ես կերե՞լ, ո՞նց ես համարձակվում ի՛մ կառավարության որոշումները չկատարել»:
 
Եվ այս հարցին հետևեր մարզպետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանն ու Կրթության տեսչության պետի պաշտոնակատարին հանձնարարվեր ՝ անմիջապես վերականգնել Արմավիրի մարզի 24 դպրոցներում ստուգում անցկացնելու մասին նախորդ հրամանն ու զեկուցել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն հանձնաժողովում»: