Աստված վկա,հեգնական ոչինչ չկա խոսքերիս մեջ:
Երաժշտության ու խոսքի մարդ եմ:Ու թե շնորհն ի վերուստ է,անկախ որևէ հանգամանքից,նույնիսկ ամենագորշ իրավիճակներում,մի անբացատրելի գոյություն է հաղորդվում քեզ,պատգամում՝ ոգեշնչվել ու ոգեշնչել:
Չգիտեմ որտեղից,չգիտեմ ինչպես,բայց պրպտու՜մ,պրպտու՜մ ես ու քո ներսում կրկին լավատեսություն ու ոգեշնչում ես գտնում:Չարանալու փոխարեն՝ մի գլուխ ավելի ես բարիանում,ու աշխարհն աշխարհով,իսկ դու էլի քո հնչյուններում ես,քո հույզերում,անցած-գնացած ու գալիք լուսավոր օրերի խելքին ընկած՝ լուսավորն ես անրջում,ու հերն էլ անիծած,թե որքան անլուծելի խնդիրներ են գլխիդ կուտակվել,որքան անավարտ նպատակներ են անտեր մնացել,ի՞նչ ունես,ի՞նչ է մնացել,որոնցով մի քիչ էլ դու հուսադրվես,ոգեշնչվես,ամրանաս...
Ուզում եմ լավ բաներ գրել.
Օրինակ,որ բազմաշնորհ ու տաղանդավոր ժողովուրդ ենք:Օրինակ,որ ցանկացած իրավիճակ մեզ ենթարկելու ունակություններ ունենք,որ ամային՝ ծաղկեցնելու,կառուցելու,շքեղացնելու յուրահատկություններ ունենք,և այլն:
Մեկ էլ խոսքերից էն կողմ եմ անցնում,ու...
Սկսում եմ մարդ-փոխհարաբերություններից,գալի՜ս հասնում եմ քաղաք ու քաղաքականություն,մշակույթ ու ավանդույթ... 
Խոսքեր են. լեզվախաղից էն կողմ ոչ մի ուրիշ հնչյուն չկա...Ոգեշնչում չկա,որ ասես՝ սա նույն այն ժողովուրդն է,որ,թե ցանկացավ... 
Եվ իմաստնությունն է զորեղ,և կամքը,և ոգին,և...
Թող ներվի բառիս համար,բայց երբեմն հարկավոր է լա՜վ էլ կարգին բառերով բնութագրել.
- Անկապ ու անտրամաբանական,ինքնախաբկանքի լավատեսությամբ ապրող մի իրականություն է ամենուր,ու ոչ մի խոհեմություն,ինքնասիրություն՝ որևէ կենդանության նշաններ չեն խոստանում:
Լավատեսություն,ես քո հերն եմ անիծել,դե արի ու,նույնիսկ շնորհ որպես,բայց շարունակիր լավատես մնալ:
Բոլորիս աչքի առջև,օր-օրի,անորակն ու անճաշակը տիրում ու տիրապետում է,մի քանի հոգով թաքնվում ու բամբասում ենք,բանը գործին հասնելուց՝ փողկապ ենք կապում,ու վերջ...
Զզվանք կա,թու՜յլ ու թուլամոթ զզվանք,որ խցկում ենք մեր ներսի մի անվտանգ... հատված,բայց հայրենասեր,ու չգիտեմ էլ ինչ՝ էնքա՜ն գոհունակությամբ ենք խաղում,մինչդեռ էլ բա՜ն չի մնացել շալակելու,իսկ ծանր բեռը,սովորաբար,նպաստում է արագ ընթացքին...ինչն էնքա՜ն արհեստավարժ ենք իրականացնում:
ԿԱՆԳԱՌ...
Երբեմն էդ անտերն էլ է նպաստում նոր ընթացք գտնելուն,երբ ժամանակն է սկսում ծանրանալ...
Պատահական խոսքեր չեմ ասում.
յուրաքանչյուրն իր մեջ պետք է կանգ առնի:Կանգ առնի ու հաշիվ տա,տա ու առնի,գլխովը տա,թե չգիտեմ էլ ինչին,բայց կանգա՜ռ է պետք,որովհետև երբ ժամանա՞կն է ծանրանալ սկսում՝ ուշացած,բայց այդ ծանրությունն իր ուսերին կրող էակը մեկ էլ հիշում է,թե ով է ինքը,կյանքը,ավարտը...

Ուզում եմ լավ բաներ գրել,բայց դե...

Ա.Ա.